Մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումները Վաշինգթոնում` ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանը նշել է, որ «խորհրդատվություններն անցել են շատ արդյունավետ, հանգիստ մթնոլորտում, որը հատուկ է ամերիկա-ադրբեջանական կապերին»: «Մեր քննարկումների հիմնական թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին էր վերաբերում: Իմ կառավարությունը հույսեր է կապում ներկայումս անցկացվող խաղաղ կարգավորման բանակցությունների հետ: Մենք այդպես ենք կարծում` հենվելով լուրջ երկխոսության վրա, որը մեկ տարուց ավելի շարունակվում է կողմերի միջեւ»,- նշել է ամերիկացի դիվանագետը: Նրա խոսքերով` Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները որոշում են կայացրել հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու մասին: Բանակցային գործընթացում ձեռք է բերվել որոշակի առաջընթաց: Սակայն խաղաղ համաձայնագրի ստորագրման համար գործընթացը պետք է առավել առաջ գնա, ընդգծել է Ս.Մանը, տեղեկացնում է «ԱզերԹաջ» գործակալությունը:






