Յուրա Մովսիսյանն իր առաջին հանդիպումն է անցկացրել մոսկովյան «Սպարտակի» կազմում: Արաբական Էմիրություններում երկրորդ ստուգողական խաղում «Սպարտակը» հաղթել է տեղական «Ալ Դաֆրա» ակումբին 2:0 հաշվով:
Առաջինը հաշիվը բացեց Դինիյար Բիլյալետդինովը: Երկրորդ խաղակեսում դաշտ դուրս եկան միանգամից 8 նորեկներ: Ինչպես և նախատեսված էր, հարձակվողներ Յուրա Մովսիսյանը, Ուորիսն ու Կոզլովը 30-ական րոպե անցկացրեցին դաշտում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
81-րդ րոպեին Մովսիսյանը դիպուկ հարվածով գնդակն ուղարկել է դարպասի հեռավոր անկյունը, ավարտին հասցնելով Բիլյալետդինովի և Կիրիլ Կոմբարովի մասնակցությամբ կոմբինացիան: Հանդիպման վերջում Մովսիսյանը կարող էր երկրորդ գնդակն ուղարկել հակառակորդրի դարպասը, սակայն նրա հարվածը կարողացավ ետ մղել դարպասից դուրս եկած դարպասապահը:
Մովսիսյանը փոքր վնասվածք է ստացել, սակայն բուժօգնություն ստանալուց հետո, վերադարձել է դաշտ:






