AM
5 Փետրվար 2013 - 06:24 AMT

Վարդան Մինասյան. Հավաքականի նորեկներին նվազագույնը մեկ խաղակես ժամանակ կտրվի

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այսօր Վալանսում կայանալիք Հայաստան-Լյուքսեմբուրգ ընկերական խաղից առաջ հանդիպել է լրագրողների հետ: Նա նշել է, որ բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են, թիմում վնասվածքներ չկան, սակայն որոշ խաղացողների մոտ հոգնածություն է նկատվում:

«Հուսով եմ, որ չենք թերագնահատի մրցակցին: Ինձ հետաքրքրում են մեր խնդիրները: Ուսումնասիրել ենք Լյուքսեմբուրգի խաղը և վերլուծել: Այդ հանդիպմանը մենք կենտրոնանալու ենք մեր խնդիրների վրա: Պետք է ուսումնասիրել նաև մրցակցի ուժեղ և թույլ կողմերը»,- ասել է Մինասյանը:

Մարզիչը խոստովանել է, որ հավաքականի նորեկներին խաղային շատ ժամանակ կտրվի` նվազագույնը մեկ խաղակես: Նրա խոսքով, 3 նորեկներից հանդես կգան երկուսը, իսկ դարպասապահ Արսեն Բեգլարյանը չի խաղա: