AM
5 Սեպտեմբեր 2005 - 02:50 AMT

ԵԽԽՎ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ՓԱՐԻԶՈՒՄ

«Եվրոպայի Խորհուրդը մտադիր չէ իր վրա վերցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆունկցիաները, հակառակը, այդ կառույցը մտադիր է օգտագործել իր ռեսուրսները օգնելու համար ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմանը»: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության անդամ, Ժողովրդավարական բարեփոխումների կուսակցության (ԺԲԿ) նախագահ Հասիմ Մոլազադեն, հաղորդում է Բաքվի «Էխո» թերթը: Նշենք, որ սեպտեմբերի 12-ին Փարիզում տեղի կունենա ԵԽԽՎ ղարաբաղյան խնդրի գծով ժամանակավոր հանձնախմբի երկրորդ նիստը: Նման առաջին նիստը տեղի էր ունեցել Սթրասբուրգում ԵԽԽՎ 2005 թվականի հունիսյան նիստի ժամանակ: Ժամանակավոր հանձնախմբի ղեկավարն է բրիտանացի խորհրդարանական լորդ Ռասսել Ջոնսը: Ինչպես նշում է Մոլազադեն, հանձնախմբի հիմնական նպատակն է կյանքի կոչել ընթացիկ տարվա հունվարին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունված ԵԽԽՎ բանաձեւը: Ըստ խորհրդարանականի, սեպտեմբերյան նիստին հրավիրվել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Բացի այդ Ֆրանսիա կմեկնեն Երեւանի եւ Բաքվի ներկայացուցիչները, որոնք մասնակցում են հակամարտության կարգավորմանը: Ակնկալվում է նաեւ բանակցային գործընթացում Հայաստանի եւ Ադրբեջանի լիազորվածների մասնակցությունը նիստին: Միաժամանակ հանձնախբի նիստին կժամանեն ԵԱՀԿ ՄԽ բոլոր երկրների ներկայացուցիչները, որոնք ներկայացված են Եվրոպայի Խորհրդում: Ըստ Մոլազադեի, ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահները արդեն հաստատել են իրենց մասնակցությունը: Բացի այդ, առաջիկա հանդիպմանը ներկայացված կլինի նաեւ Եվրոպական միությունը: Հավանական է, ըստ խորհրդարանականների, որ քննարկումներին միանա Եվրամիության Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն: Առաջին հերթին, նշում է ԺԲԿ առաջնորդը, սեպտեմբերի 12-ին կողմերը կճշտեն իրավիճակը բանակցային գործընթացում: Հանդիպման մասնակիցները կքննարկեն նաեւ ղարաբաղյան հարցով ԵԽԽՎ բանաձեւի շուտափույթ իրագործման միջոցները: Ադրբեջանցի պատգամավորը ընդգծում է նաեւ, որ ադրբեջանական կողմը լուրջ նախապատրաստական աշխատանք է տանում: Առաջին հերթին, ըստ Մոլազադեի, «ադրբեջանական պատվիրակությունը մտադիր է բարձրացնել հակամարտության լուծման ուղիների հարաբերակցության հարցը միջազգային իրավական նորմերի հետ»: Ըստ պատգամավորի կարեւոր է կյանքի կոչել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը: Խորհրդարանականը հիշեցնում է, որ այդ մասին ասվում է նաեւ ԵԽԽՎ հունվարյան բանաձեւում: «Ղարաբաղյան հակամարտությունը դարձավ Եվրոպայի ամենածանր հումանիտար ողբերգություններից մեկը»,-ընդգծել է Մոլազադեն: «Հանդիպումների հիմնական նպատակն է հանձնարարականներ մշակել Եվրոպայի Խորհրդի բանաձեւի պայմանները իրագործելու համար»,-հայտարարում է պատգամավորը: Ինչպես նշում է Մոլազադեն, նիստին կորոշվի նաեւ հաջորդ հանդիպման ճշգրիտ ժամկետը: