AM
5 Սեպտեմբեր 2005 - 04:59 AMT

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԽՆԴԻՐԸ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄՆ Է ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՄԻՋԵՎ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում կողմերի վստահությունը ամրապնդելու համար Ռուսաստանը պետք է գործի դնի հայկական եւ ադրբեջանական սփյուռքը: Նման կարծիք է հայտնել Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների խնդիրների բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովը: «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գլխավոր խնդիրը վստահության վերականգնումն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»,-ասել է նա: Փորձագետը հիշեցրել է, որ Բաքուն առաջարկում է հակամարտության կարգավորման փուլային տարբերակ` սկզբից «գրավյալ տարածքների ազատում», իսկ հետո արդեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշում: «Հայկական կողմը կասկածում է, որ Ադրբեջանը կկատարի իր խոստումները, եւ որ Ղարաբաղը չի դառնա Ադրբեջանի կազմի մեջ մտնող մի գավառ»,-ավելացրել է Մարկեդոնովը: Նա ընդգծել է, որ «կա վստահության առանցքային խնդիր», որը, ըստ փորձագետների, չի լուծի ոչ Ռուսաստանը, որ ԱՄՆ-ն, ոչ Թուրքիան, ոչ էլ ԵԱՀԿ Մինսկի խումբը: «Պետք է լինեն որոշ շփումներ եւ ինչ-որ նոր մոդելների քննարկումներ: Այսօրվա դրությամբ կարգավորման փաթեթային եւ փուլային տարբերակները բախվել են եւ ոչ մի շարժ չկա»,-հայտարարել է Մարկեդոնովը: Այդ պատճառով, փորձագետը գտնում է, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի երկկողմ ակտիվությունը պետք է ավելի լուրջ լինի, քան հրաշքի ակնկալիքը Մինսկի խմբից»: «Մինսկի խումբը կարող է մշակել ցանկացած պլան, սակայն եթե Բաքվում, Երեւանում կամ Ստեփանակերտում այդ պլանները չեն ընդունվում, ոչինչ չի ստացվի»,-ավելացրել է նա: Նրա կարծիքով, հակամարտության լուծումը պետք է սկիզբ առնի «մեկ այլ ուղի մշակելուց, քանի որ գոյություն ունեցող սխեմաները` փաթեթային եւ փուլային, փոխզիջումային չեն»: «Փոխզիջում է, երբ ես զիջում եմ ձեզ, դուք զիջում եք ինձ, եւ ոչ թե երբ ես պահանջում եմ` ես եմ ճիշտ եւ դուք պետք է դա ընդունեք: Դա ոչ թե փոխզիջում է, այլ թելադրանք»,- ընդգծել է նա: Ինչպես գտնում է Մարկեդոնովը, խնդիրն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն առաջարկների շատ նեղ շրջանակ ունեն: «Մենք հասկանում ենք, որ եւ փաթեթային, եւ փուլային պլանները թերություններ ունեն: Ինչ-որ նոր բան շատ դժվար է առաջարկել, սակայն, առնվազն դրանով պետք է զբաղվել»,-ավելացրել է փորձագետը: Խոսելով Ռուսաստանի կողմից ինչ-որ նոր նախաձեռնությունների առաջացման հնարավորության մասին, քաղաքագետը նշել է, որ «նման հայտարարություններ անելու համար, հարկ է ունենալ կովկասյան ռազմավարություն, իսկ այսօրվա դրությամբ այդպիսին չկա»: «Չկա այն բանի գիտակցումը, որ Ռուսաստանը պետք է եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին»,-ընդգծել է Մարկեդոնովը: Այնուամենայնիվ, ըստ քաղաքագետի, Ռուսաստանը կարող է, հաշվի առնելով հզոր հայկական եւ ադրբեջանական սփյուռքի առկայությունը, կազմակերպել դրանց ներկայացուցիչների շփումը, դարձնել դրանք կանոնավոր, իսկ հետո «հեռարձակել» այդ փորձը հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա Հարավային Կովկասում: «Ես շեշտը կդնեի եղած սփյուռքի վրա: Դա շատ հարուստ ռեսուրս է բոլոր իմաստներով: Ի նկատի ունենալով սփյուռքի մեծ ֆինանսական եւ քաղաքական ազդեցությունը Ադրբեջանի եւ Հայաստանի վրա, Ռուսաստանը կարող է օգտագործել դա որպես ձեւական հաշտեցման ռեսուրս»,-եզրակացրել է փորձագետը: