AM
5 Սեպտեմբեր 2005 - 05:48 AMT

ԷՐԴՈՂԱՆ. ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՐՈՂ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒՑ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը նախազգուշացրել է, որ Անկարան կարող է հրաժարվել Եվրամիությանն անդամակցելուց, եթե նրան առաջադրվեն եվրաինտեգրման գործընթացով չնախատեսված պայմաններ, հաղորդում է CNN-Turk հեռուստաընկերությունը: «Եվրոպան չպետք է մեզ հետ կատակի, Թուրքիան պատրաստ է հրաժարվել ԵՄ-ին անդամակցելուց»,-ասել է Էրդողանը: «Եթե փորձեն մեզ պարտադրել մի այնպիսի բան, որը դուրս է գալիս բանակցային գործընթացի շրջանակներից, որի սկիզբը Անկարայի եւ Եվրամիության միջեւ նախատեսված է հոկտեմբերի 3-ին, մենք կգնանք մեր ճանապարհով»,-սպառնացել է Թուրքիայի վարչապետը: Համանման հայտարարությամբ նախօրյակին հանդես է եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլլա Գյուլը: «Թուրքիան մտադիր է հրաժարվել Եվրամիության մեջ մտնելու իր հայտից, եթե նրան առաջադրվեն նոր պայմաններ կամ առաջարկվի հաստատել Եվրամիության ոչ լիիրավ անդամակցություն»,-նշել է նա: