AM
8 Փետրվար 2013 - 14:08 AMT

Վարդան Մինասյան. Խաղացողների մոտ պետք է միշտ առկա լինի հաղթողի հոգեբանությունը, անկախ մրցակցից

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Լյուքսեմբուրգի հետ կայացած ընկերական խաղից հետո (1:1) նշել է, որ ընկերական հանդիպումներում փորձում են լուծել շատ կարևոր խնդիրներ: «Լյուքսեմբուրգի հետ խաղում ունեինք նորեկներ, որոնց պետք է փորձարկեինք: Կային խնդրահարույց դիրքեր, որոնց վրա պետք է աշխատեինք, ուշադրություն դարձնեինք և դիտարկեինք, քանի որ հավաքականն այնքան էլ հաճախ չի հավաքվում, սա ևս մեկ հնարավորություն էր` տեսնել բոլոր խաղացողներին գործի մեջ և փորձել վերականգնել համագարծակցությունն օղակների միջև»,- Մինասյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ պաշտոնական կայքը:

Ըստ նրա, արդյունքը կարող էր մղվել երկրորդական պլան, սակայն հաղթելը շատ կարևոր է, քանի որ դա լրացուցիչ վստահություն է հաղորդում թիմին: Մարզիչը գտնում է, որ խաղացողների մոտ պետք է միշտ առկա լինի հաղթողի հոգեբանությունը, անկախ նրանից, թե որ թիմի դեմ են խաղում:

Մինասյանը նշել է, որ հավաքականի բոլոր խաղացողները, բացառությամբ Հենրիխ Մխիթարյանի, առայժմ իրենց լավագույն մարզավիճակում չեն, քանի որ դեռևս նախապատրաստական փուլում են իրենց ակումբների կազմում: «Երբ ես համեմատում եմ թեկուզ անցյալ տարվա հետ, երբ մենք խաղացինք Սերբիայի և Կանադայի հավաքականների հետ, այն ժամանակ խաղացողների ֆունկցիոնալ վիճակը շատ ավելի բարենպաստ էր, քանի որ խաղում էինք փետրվարի վերջին, իսկ նախապատրաստական փուլում նույնիսկ մի քանի շաբաթը շատ կարևոր է լավ մարզավիճակ ձեռք բերելու համար: Բայց, իհարկե, սա արդարացում չէ, մենք պետք է հաղթեինք այդ թիմին»:

Մինասյանն ընդգծեց, որ պաշտպանության աջ թևի խնդիրը դեռ բաց է մնում, իսկ ձախ պաշտպանի դիրքի համար կա ևս մեկ թեկնածու՝ «Գանձասարում» հանդես եկող Արթուր Ավագյանը, որի կարողություններին դեռ պետք է ավելի մոտից ծանոթանալ: