AM
12 Փետրվար 2013 - 13:35 AMT

Ինչպիսին կլինի Օլիմպիադան Հայաստանի համար առանց ըմբշամարտի

Մարզական աշխարհում Հայաստանը միշտ էլ բարձր տեղեր է զբաղեցրել անհատական ու մենամարտային մարզաձևերում: Բացառություն չէ նաև ըմբշամարտը:

Հայ ըմբիշները միշտ էլ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում զբաղեցրել են բարձր հորիզոնականներ:

Ըմբիշները մեր երկրի պատիվը բարձր են պահում նաև Օլիմպիական խաղերում` մենք ունենք Օլիմպիական չեմպիոններ, ինչպես նաև մեդալակիրներ:

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին ու առայժմ միակ չեմպիոնը հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանն է:

1996 թվականի Ատլանտայի Օլիմպիական խաղերից մինչև 2012 թվականի Լոնդոնի խաղերը հայ մարզիկներին հաջողվել է հայրենիք բերել 12 մեդալ` 1 ոսկե, 2 արծաթե և 9 բրոնզե: Նվաճած մեդալների քանակով առաջին տեղում 1 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալներով ըմբիշներն են:

Ազատ ոճի ըմբիշ Արմեն Մկրտչյանը 1996-ին դարձել է Օլիմպիադայի արծաթե մեդալակիր: 2008 թվականին Օլիմպիական բրոնզե մեդալներ նվաճեցին Ռոման Ամոյանն ու Յուրի Պատրիկեևը, իսկ արդեն 2012-ին Արսեն Ջուլֆալակյանը դարձավ Օլիմպիադայի արծաթե, իսկ Արթուր Ալեքսանյանը` բրոնզե մեդալակիր:

Ընդամենը մի քանի ժամ առաջ Միջազգային Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքում հայտնվեց ինֆորմացիա, ըստ որի գործադիր կոմիտեն որոշում է ընդունել Օլիմպիադա-2020 ծրագրից հանել ըմբշամարտ մարզաձևը:

Այս որոշումը վերջնական չէ, և ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդամները մայիսին հնարավորություն կունենան իրենց մարզաձևը որքան հնարավոր է համոզիչ ներկայացնել ՄՕԿ-ում և ստանալ հնարավորություն կրկին մնալ Օլիմպիադայի ցանկում: Իսկ վերջնական որոշումը կկայացվի այս տարվա սեպտեմբերին, երբ կկայանա ՄՕԿ-ի համաժողովը:

Արժե նշել, որ դեռ հստակ չէ, թե կոնկրետ որ ոճը կհանվի 2020 թվականի Օլիմպիական խաղերից:

Հայ մասնագետները բացառում են, որ ըմբշամարտն ամբողջովին կհանվի ծրագրից. այդպիսի խոսակցություններ միշտ էլ եղել են, բայց մինչ այսօր էլ այս մարզաձևը մնում է Օլիմպիադայի բաղկացուցիչ մասը:

Իհարկե, շատ տխուր կլինի հատկապես հայ մարզասերների համար, եթե ըմբշամարտը հանվի Օլիմպիադայի ծրագրից: Ամեն ոլորտում չէ, որ մենք վստահ կարող ենք ասել, որ ուժեղ ենք ու առաջիններից ենք: Իսկ ահա ըմբշամարտն իրոք մեր երկրում զարգացած է, և միշտ էլ մեր ըմբիշները հայրենիք են վերադառնում հաղթանակած ու բազմաթիվ մեդալներով: Եվ այս մարզաձևն Օլիմպիադայից հանելու դեպքում, մենք շոշափելիորեն կզգանք դրա բացասական հետևանքները: