Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը արձագանքել է ժամանակակից թուրք արձակագիրՕրհան Փամուկի նկատմամբ դեկտեմբերի 16-ին կայանալիք դատավարության առնչությամբ երկում աճող քննադատությանը: «Մեզ մոտ դատարաններն անկախ են: Որեւէ մեկը չպետք է կասկածի, որ մարդիկ Թուրքիայում ազատ կարող են գրել այն, ինչ մտածում են», – հայտարարել է Գյուլը: Նշենք, որ Օրհան Փամուկի նկատմամբ քրեական հետապնդման պատճառը նրա` շվեյացարական «Տագես Անցայգեր» թերթին տված հարցազրույցն է, որում նա նշել էր, որ թուրքական հողում սպանվել է մեկ միլիոն հայ եւ «որեւէ մեկը բացի ինձանից չի համարձակվում խոսել այդ մասին»: Ըստ Թուրքիայի քրեական օրենսդրության` նման մեղադրանքով Փամուկը կարող է դատապարտվել վեց ամսից մինչեւ երեք տարվա ազատազրկման: Դեկտեմբերի 16-ին նշանակված դատական նիստն արդեն առաջացրել է եվրոպական հանրության եւ Եվրամիության պաշտոնյաների խիստ արձագանքը, որոնց գնահատմամբ, դա «քայլ է դեպի հետ` մարդու իրավունքների բնագավառում Թուրքիայի կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացում»: «Առայժմ որեւէ որոշում չի կայացվել: Կուզենայի հայտարարել ի լուր աշխարհի, որ Թուրքիայում գոյություն ունի խոսքի ազատություն: Մարդիկ հանգիստ հայտնում են իրենց կարծիքը, քանի դեռ նրանք չեն քարոզում բռնություն» , – հայտարարել է Ա.Գյուլը` նշելով, թե նման դրական մթնոլորտ ձեւավորվել է Թուրքիայում Եվրամիությանն անդամակցության համար իրականցվող բարեփոխումների շնորհիվ: Օրհան Փամուկի դատավարությանն են անդրադարձել նաեւ արեւմուտքի առաջատար թերթերը, մասնավորապես, «Los Angeles Times»-ը: Այս կապակցությանբ թերթը գրում է, որ արձակագրի նկատմամբ դատավարությունը վկայում է «թուրքական կառավարության ներսում պահպանողականների` Թուրքիայի Եվրամիությանն անդամակցությունը ձախողելու մտածված փորձի մասին»: Իր հերթին, բրիտանական «Financial Times» թերթը գրում է. «Թուրքիան ոչ միայն պետք է մաքրի պատմության հետ ունեցած իր հաշիվները: Եվրամիության սկզբունքներում խոսքի ազատությունից ավելի հիմնարար բան դժվար թե լինի», տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:






