AM
14 Փետրվար 2013 - 07:03 AMT

«Շախտյորն» ու «Բորուսիան» ՉԼ 1/8 եզրափակչում ոչ ոքի խաղացին

Դորտմունդի «Բորուսիան» ավելի կազմակերպված խաղաց, բայց «Շախտյորը» ցույց տվեց հաղթանակի հասնելու մեծ ցանկություն և շատ մոտ էր հաջողությանը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում: Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դոնեցկի թիմի կազմում խաղադաշտ էր դուրս եկել հիմնական կազմում:

Առաջինը հաշիվը բացեցին «Շախտյորի» ֆուտբոլիստները: Լուիս Ադրիանոյի վաստակած տուգանային հարվածն անվրեպ իրացրեց Դարիո Սրնան: Բայց Ռոբերտ Լևանդովսկուն հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Դոնեցկյան թիմը կրկին առաջ անցավ հաշվի մեջ, այս անգամ գոլի հեղինակ դարձավ Դուգլաս Կոստան: Բայց խաղավարտին Մատս Հյումելսն արեց այն, ինչը նրան չէր հաջողվում ողջ հանդիպման ընթացքում: Նա անկյունայինի իրացման ժամանակ կարողացավ գլխով հարվածով գնդակն ուղարկել մրցակցի դարպասը` հավասարեցնելով հաշիվը`2:2: Թիմերի պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 5-ին Դորտմունդում: «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հանդիպումից հետո նշել է, որ իրենց չի հաջողվել հասնել ցանկալի արդյունքի. «Մեր նպատակն էր հաղթել այս խաղում: «Բորուսիան» գործում է շատ կազմակերպված և ֆիզիկապես լավ է պատրաստված:

Մրցակիցն ագրեսիվ էր գործում և ձգտում էր հասնել հաղթանակի` մեզ համար ստեղծելով բազմաթիվ վտանգավոր պահեր: Մեզ չհաջողվեց պահել հաղթական հաշիվը ոչ առաջին, ոչ էլ երկրորդ խաղակեսում: Մենք սխալվեցինք, և դա աններելի է»,- Լուչեսկուի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: