AM
14 Փետրվար 2013 - 08:58 AMT

Դավիթ Խիթարյան. Ձյուդոյի հավաքականը պետք է տարեկան առնվազն 320 օր հավաք անցկացնի

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ 2012 թվականին հայ ձյուդոիստները նվաճել են 26 մեդալ, որոնցից 5-ը`տարբեր տարիքայինների Եվրոպայի առաջնություններում: Նախորդ տարի 2 ձյուդոիստներ էլ մասնակցել են Օլիմպիական խաղերին, Հովհաննես Դավթյանը գրավել է 7-րդ տեղը, ինչը Խիթարյանի խոսքով, լավ ցուցանիշ է:

«Մեզ հատկապես ուրախացնում է այն, որ մեր մարզիկներին հաջողվել է մեդալներ նվաճել բոլոր տարիքայինների առաջնություններում, ինչը նշանակում է, որ մենք լավ սերունդ ունենք ու նրանք կարող են հաջությամբ համալրել մեծահասակների հավաքականը»,- ասաց նա:

2012-ին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի բյուջեն կազմել է 130 մլն դրամ, որից 71 մլն-ը ստացել է պետբյուջեից, իսկ մնացածը` հովանավորներից: Այս տարի, ըստ Խիթարյանի, իրենք ավելի շատ գումար էին ակնկալում, որպեսզի հնարավոր լինի ավելացնել մեդալների թիվը, սակայն պետական ֆինանսավորման չափը մնացել է նույնը:

Նա գտնում է, որ հավաքականը պետք է տարեկան առնվազն 320 օր հավաքներ անցկացնի, որպեսզի կարողանա լավ մարզավիճակ ունենալ: Մինչդեռ այդ գումարով հնարավոր է լինում ընդամենը 70 օր մարզվել. «Մենք ուսումնասիրել ենք ձյուդոյում առաջատար համարվող Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ճապոնիայի փորձը և եկել ենք այն կարծիքին, որ պետք է ավելացնել մեր ձյուդոիստների ծանրաբեռնվածությունը: Վերջերս Վրաստանում կայացած մրցաշարի ժամանակ մենք անհաջող ելույթ ունեցանք, որովհետև լավ մարզավիճակում չէինք գտնվում: Անցած տարվա օգոստոսից մինչև հիմա մարզիկները մասնակցել են միայն մեկ մրցաշարի և մեկ հավաք են անցկացրել»: