AM
14 Փետրվար 2013 - 09:15 AMT

Մարտի 5-9-ը Հայաստանի ձյուդոյի ընտրանին Իրանում հավաք է անցկացնելու

Հայաստանի ձյուդոյի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանը գտնում է, որ ցանկալի արդյունքի հասնելու համար իր սաները պետք է կարողանան տարվա ընթացքում 280 օր հավաքներ անցկացնել: Նա նշեց, որ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունում ներկայացրած քառամյա ծրագրում շեշտը դրել են հենց դրա վրա:

«Մենք նաև ցանկացել ենք, որ ավելանա մեր ֆեդերացիայի ֆինանսավորումը, որպեսզի հնարավոր լինի օլիմպիական վարկանշային միավորներ ձեռք բերել և պայքարել Ռիոյում մեդալ նվաճելու համար»,- ասաց Բաբայանը:

Այս տարվա առաջին միջազգային մրցաշարում Բաբայանի սաները անհաջող են ելույթ ունեցել: Վրաստանում կայացած մրցաշարում 15 հայ ձյուդոիստներն էլ ձախողվել են: Մարտի 5-9-ը Հայաստանի ընտրանին Իրանում մի քանի ընտրանիների հետ համատեղ հավաք է անցկացնելու և պատրաստվելու է մարտի 30-31-ը թուրքական Սամսուն քաղաքում կայանալիք Գրան Պրիին:

Այս տարին հագեցած է լինելու նաև Հայաստանի պատանեկան հավաքականի համար: Ընտրանու մարզիչ Կարեն Աբալյանի խոսքով, մասնակցելու են մի շարք միջազգային մրցաշարի, որոնցից կարևոր են հատկապես Էստոնիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունը, Եվրոպական պատանեկան Օլիմպիական օրերը և Մայամիի աշխարհի առաջնությունը: Մայամիում խաղարկվելու են վարկանշային միավորներ, որոնք թույլ կտան ձյուդոիստներին ելույթ ունենալ 2014 թվականի պատանեկան Օլիմպիական խաղերին: