AM
14 Փետրվար 2013 - 09:38 AMT

Վերջին տարիներին Հայաստանում ավելի քիչ թվով կանայք են զբաղվում ձյուդոյով

Վերջին տարիներին Հայաստանում ավելի քիչ թվով կանայք են զբաղվում ձյուդոյով: Այս մասին ասել է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը: Հայաստանի առաջնություններում մասնակցում են ընդամենը 10-12 մարզուհիներ, ինչը շատ քիչ է միջազգային մրցաշարերում հաջող հանդես գալու համար:

«Մոտ 8 տարի առաջ կանանց ձյուդոն Հայաստանում լավ վիճակում էր գտնվում: Մեր մարզուհիներին հաջողվում էր մեդալներ նվաճել, նաև ավելի մեծ մասսայանականություն կար: Նախորդ տարիներին Հայաստանը ներկայացնող Գայանե Հարությունյանն ու Ժաննա Ստանկևիչը ավարտել են իրենց ելույթները: Ստանկևիչն ամուսնացել է ու սպասում է իր առաջնեկին»,- նշել է նա:

Սակայն Խիթարյանը կարծում է, որ Ստանկևիչը երեխայի ծնունդից հետո կշարունակի մարզվել ու ներկայացնել հավաքականը: Նա նաև ընդգծեց, որ բոլորն, ովքեր ցանկություն ունեն հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում, կարող են դիմել իրենց:

ՀՁՖ փոխնախագահն անդրադարձել է նաև օլիմպիական վարկանշային միավորների տեղաբաշխման կանոնների փոփոխությանը. «Հիմա ավելացել է Եվրոպայի առաջնությունում տրվող միավորների քանակը: Բայց ամենաշատ միավորներ` 1000, ձյուդոիստները ստանում են Օլիմպիական խաղերից, որին հաջորդում են աշխարհի առաջնությունները`900: Փոխվել է նաև աշխարհի գավաթի խաղարկության անվանումը, կախված նրանից, թե որ մայրցամաքում են անցկացվում, կոչվում են Եվրոպայի կամ էլ Ասիայի բաց առաջնություն»:

Ձյուդոյում, ի տարբերություն այլ մարզաձևերի, վարկանշային միավորներ տրվում են նախաօլիմպիական 4 տարիների ընթացքում: