AM
13 Սեպտեմբեր 2005 - 08:11 AMT

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾՈՒՄ ԿՍՏԱՆԱ ՄԻԱՅՆ ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ,ԵԹԵ ԲՈԼՈՐ ԿՈՂՄԵՐԸ ԽԵԼԱՄԻՏ ԻՐԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԵՆ

Սեպտեմբերի 11-ին ՀՀ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցչությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Արման Մելիքյանն ընդունել է «Միջազգային ճգնաժամային խումբ» հասարակական կազմակերպության պատվիրակությանը` Ալեն Դելեթրոզի գլխավորությամբ:
Ա. Դելեթրոզը ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին ներկայացրել է կազմակերպության գործունեությունը` նշելով, որ իրենց նպատակն է առհասարակ նպաստել միջազգային վեճերի խաղաղ կարգավորմանը եւ պատերազմների կանխարգելմանը: Այդ համատեքստում ՄՃԽ-ն զեկույց է պատրաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որը կոչվում է «Լեռնային Ղարաբաղ. հակամարտության տեղային դիտարկում»: Ա.Դելեթրոզի խոսքերով` զեկույցը կոչված է օգնելու հայկական եւ ադրբեջանական կողմին, ինչպես նաեւ միջնորդներին` գտնելու ընդունելի լուծումներ բանակցությունների սեղանի շուրջ: Արման Մելիքյանը կարեւորել է միջազգային հանրության ներգրավվածությունը տարածաշրջանում հարատեւ խաղաղություն հաստատելու գործընթացում: Նա ընդգծել է, որ հակամարտությունը լուծում կստանա միայն այն դեպքում, եթե ներգրավված բոլոր կողմերը խելամիտ իրատեսություն դրսեւորեն, եւ հստակ գիտակցեն, որ հակամարտության հիմնական երկու կողմերն են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ Ադրբեջանական Հանրապետությունը, եւ հակամարտությունը որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ ներկայացնելու ցանկացած փորձ կարող է ընկալվել որպես իրականության միտումնավոր խեղում: Զրույցի վերջում ՄՃԽ պատվիրակության ղեկավարը ԼՂՀ արտգործնախարարին հանձնեց զեկույցի տեքստը` տեղեկացնելով, որ այն կհրապարակվի սեպտենբերի 14-ին: Շնորհակալություն հայտնելով ՄՃԽ ներկայացուցիչներին` Ա. Մելիքյանը հավաստեց, որ Ստեփանակարտում ուշադրությամբ կծանոթանան զեկույցի դրույթներին: