ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Էնդրյու Նացիոսի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Թ. Մարգարյանը ներկայացրել է Հայաստանում ընթացող տնտեսական բարեփոխումները, որոնց շնորհիվ երկիրը ցուցադրում է տնտեսական ազատությունների եւ տնտեսական աճի բարձր ցուցանիշներ: Դեսպանը շնորհակալություն է հայտնել գործակալության շարունակական օժանդակության համար` բարձր գնահատելով ծրագրերի կարեւորությունը Հայաստանում աղքատության նվազեցման, տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման եւ որպես արդյունք` կենսամակարդակի բարձրացման համար: Առանձնահատուկ կարեւորվել է աղետի գոտում USAID-ի կողմից իրականացվող ծրագրի կենսական նշանակությունը 1988 թվականի երկրաշարժից տուժած ընտանիքների համար: Իր հերթին Է. Նացիոսը բարձր է որակել USAID-ի եւ Հայաստանի կառավարության միջեւ արդյունավետ համագործակցության փորձը եւ արտահայտվել է Հայաստանում գործակալության ծրագրերի շարունակման եւ ընդլայնման օգտին: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը հրավիրել է Է.Նացիոսին այցելել Հայաստան` USAID-ի կողմից իրականացվող ծրագրերի տպավորիչ արդյունքներին ծանոթանալու նպատակով:






