Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Համլետ Գասպարյանի վերջին հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի գործընթացի վերաբերյալ «ոչ այլ ինչ է, քան դիվանագիտական վարժանք»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի (ՆԳԱ) արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: Նշենք, որ Համլետ Գասպարյանը հայտարարել է, թե Հայաստանի դիրքորոշումը մնացել է անփոփոխ` եթե Ադրբեջանը ՄԱԿ-ում բարձրացնի որեւէ հարց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, ապա Հայաստանը դուրս կգա ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցություններից, եւ Բաքուն ստիպված կլինի շարունակել բանակցությունները ուղղակի Ստեփանակերտի հետ: Այդ մասին ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարը հայտարարել է, մեկնաբանելով «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» հարցի ընդգրկումը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 60-րդ նստաշրջանի օրակարգում: «Այս հաղորդագրության ետեւում թաքնված է Հայաստանի մտահոգությունը: Խոսքն այն մասին է, որ Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում չափազանց ամրապնդվել է եւ աջակցություն է ստանում ինչպես միջազգային կազմակերպությունների, այնպես էլ` առանձին պետությունների կողմից: Եվ այսօր «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» հարցի ընդգրկումը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 60-րդ նստաշրջանի օրակարգում դրա տրամաբանական շարունակությունն է: Այստեղ ոչ մի արտասովոր բան չկա: Դա մեր իրավունքն է»,-համոզված է Ն.Մամեդովը: Նրա խոսքերով, «Հայաստանը տեսնում է, որ Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ստանում է միջազգային հանրության լայն աջակցությունը եւ փորձում է սպառնալ Ադրբեջանին բանակցությունների դադարեցմամբ, մի կողմ քաշվելով եւ Լեռնային Ղարաբաղի հետ ուղիղ բանակցություններով»: «Առաջինը, բանակցություններից հեռանալը այնքան էլ հեշտ չէ: Հողերը գրավված են, գտնվում են օկուպացիայի տակ եւ այսօր բանակցություններ են ընթանում ` Հայաստանն այսօր անելանելի վիճակում է եւ կարող է պատճառներ փնտրել: Երկրորդը, եթե Հայաստանն իրոք մտադիր է դուրս գալ բանակցային գործընթացից, եւ Երեւանը պաշտոնապես կհայտարարի, որ հեռանում է ղարաբաղյան հարցից, ապա մենք հնարավորություն կգտնենք խոսելու համար Լեռնային Ղարաբաղի հայերի հետ: Մենք կարող ենք դա անել, այստեղ խնդիր չկա»,-հավաստիացնում է Ն.Մամեդովը:






