AM
16 Սեպտեմբեր 2005 - 07:51 AMT

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԵՌԵՎՍ ՇԱՏ ԺԱՄԱՆԱԿ Է ՊԱՀԱՆՋՎՈՒՄ

«Արդեն նկատելի է տարբեր կառույցների կողմից այն փաստի գիտակցումը, որ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անմիջական մասնակցության նույնիսկ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները փնտրելը պրոբլեմատիկ է»: Այս մասին Ստեփանակերտում տեղական եւ հավատարմագրված լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԼՂՀ արտգործնախարար Արման Մելիքյանը: Նախարարը համոզված է, որ «Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումը կկայանա, ընդ որում, ոչ մոտ ապագայում»: Խնդրի համապարփակ լուծման համար, նրա կարծիքով, դեռեւս շատ ժամանակ կպահանջվի: «Միջազգային ճանաչման գործում ամենակարեւոր բաղադրիչներից է, անկասկած, օրենսդրական գործունեությունը: Տվյալ ուղղությամբ մեր կողմից քիչ բան չի արվել` օրերս խորհրդարանն ընդունել է մի շարք հիմնական ակտեր, որոնք վերաբերում են արտաքին քաղաքական ոլորտին, այդ թվում` ԼՂՀ միջազգային պայմանագրերի մասին օերնքը: Այս օրենքը հիմնական փաստաթուղթ կդառնա այլ երկրների հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական կապերի հաստատման համար: Մենք նպատակ ունենք նաեւ միանալ մի շարք միջազգային կոնվենցիաների: Այդ ուղղությամբ աշխատանք արդեն տարվում է, սակայն անհրաժեշտ է հաղթահարել մի քանի օրենսդրական բնույթի ներքին հակասություններ: Այլ խոսքերով` մեր օրենսդրությունն ունի որոշակի թերություններ այդ ուղղությամբ, դրանք պետք է վերացնել, որից հետո կարող ենք միանալ միջազգային կոնվենցիաներին: Վստահ եմ, որ մինչեւ տարեվերջ կիրականացնենք մտադրվածը»,- ասել է Ա.Մելիքյանը: Մեկնաբանելով օրերս Մոսկվայում անցկացված գիտաժողովը չճանաչված պետությունների ներկայացուցիչների մասնկացությամբ` Ա.Մելիքյանը հայտարարել է, որ այն լավ հնարավորություն է ընձեռնում Լեռնային Ղարաբաղին լուրջ ամբիոնից ներկայացնել իր խնդիրները եւ ծանոթանալ ուրիշների խնդիրներին: «Ես ցանկանում եմ, որպեսզի նման գիտաժողովներ կազմակերպվեին Սթրասբուրգում, Նյու Յորքում եւ միջազգային նշանակություն ունեցող այլ կենտրոններում»,- նշել է ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: