«Ադրբեջանը գտնվում է պատերազմի պայմաններում, մեր հողերը օկուպացված են, այդ պատճառով ուշադրությունը բանակին պետք է լինի ամենաբարձր մակարդակի վրա»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ` խոսելով պաշտպանության համար Բաքվի ծախսերի մեծացման անհրաժեշտության մասին: Նրա խոսքերով` Ադրբեջանը կմեծացնի իր ռազմական բյուջեն Հայաստանի ողջ բյուջեի չափով: «Ես խնդիր եմ դրել` մեր ռազմական բյուջեն պետք է հավասարվի Հայաստանի ամբողջ բյուջեին, եւ գուցե գերազանցի այն, այդպես էլ կլինի»,- ասել է Ի. Ալիեւը: Ադրբեջանի նախագահի խոսքերով` 2006 թվականին Ադրբեջանի բյուջեում նախատեսված է պաշտպանության ծախսերի` մինչեւ 600 մլն դոլարի ավելացում: 2005 թվականին երկրի բյուջեն կազմել է 300 մլն դոլար: «Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում բանակային շինարարության գործընթացը ընթանում է թափով եւ բավականին հաջող… Մենք ամրապնդում ենք մեր ռազմական ներուժը … Հետագայում այդ գործընթացը առաջ կգնա ավելի բարձր տեմպերով»,- ասել է Ի.Ալիեւը: «Ռազմական բյուջեի ավելացման գլխավոր պատճառն այն է, որ 1990- ական թվականների կեսերին Ռուսաստանը Հայաստան էր ուղարկել մեկ միլիարդ արժողության ռազմական տեխնիկա … Մեզ անհանգստացնում է նաեւ վերջերս Վրաստանից Հայաստան տեղափոխված ռազկան տեխնիկայի փաստը … Այդ պատճառով մենք ձեռնարկում ենք, եւ հետագայում էլ կձեռնարկենք համապատասխան քայլեր»,- նշել է Ալիեւը, տեղեկացնում է «Նովոստի» ռուսաստանյան լրատվական գործակալությունը:






