AM
20 Փետրվար 2013 - 13:08 AMT

Նիկոլայ Բորդյուժան շնորհավորել է ՀՀ նախագահին վերընտրվելու կապակցությամբ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

«Հայ ժողովրդի կատարած ընտրությունը վկայում է Ձեր վայելած մեծ վստահության և Հայաստանի շահերի պաշտպանության ուղղությամբ Ձեր ունեցած վաստակի, որպես ղեկավարի Ձեր տաղանդի ու հմտության բարձրագույն գնահատականի մասին, ղեկավարի, որը վստահորեն տանում է երկիրը խաղաղության, ժողովրդավարության ու առաջընթացի ճանապարհով, լուծում է բարդագույն քաղաքական, տնտեսական ու պաշտպանական խնդիրներ»,-ասվում է ՀԱՊԿ քարտուղարությունից ստացված շնորհավորական ուղերձում:

Նիկոլայ Բորդյուժան երախտագիտություն է հայտնել Հայաստանի նախագահին ՀԱՊԿ հետ համագործակցությանը հատկացվող հատուկ ուշադրության և այն բացառիկ դերի համար, որ Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ-ում, լինելով ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգության համակարգերի ամրապնդման հետևողական ջատագով: