Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ժակ Շիրակը երեկ Փարիզում քննարկել են հարցեր, որոնք առնչվում են ԿԺԴՀ-ին, չեչենական հակամարտությանը եւ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններին` ղարաբաղյան խնդրի համատեքստում: Ինչպես բանակցությունների ավարտին համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ժակ Շիրակը, ղարաբաղյան հարցը պետք է լուծվի Հայաստանի եւ Ադրբեջանի փոխադարձ համաձայնության հիման վրա: Նրա խոսքերով` այդ հարցի առնչությամբ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի մոտ դիտվում է «դիրքորոշումների ընդհանրություն»: Կարեւոր փաստ է այն, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, որ ղարաբաղյան հակամարտության առնչությամբ Ֆրանսիայի նախագահը չի հիշատակել տարածքային ամբողջականության սկզբունքը, ինչը չի նշել նաեւ իր ելույթում Վլադիմիր Պուտինը: Մինչդեռ չեչենական հարցի առնչությամբ ընդգծվել է, որ այն պետք է կարգավորվի Ռուսաստանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: