AM
22 Փետրվար 2013 - 11:51 AMT

Արայիկ Բաղդադյան. Կիևի միջազգային մրցաշարը կազմի առումով շատ ուժեղ էր

Վերջերս Կիևում կայացած ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում հայ մարզիկներին հաջողվել է նվաճել 1 ոսկե և 2 արծաթե մեդալներ: Մրցաշարի հաղթող է դարձել Մուսա Մուրթազալիևը (84 կգ), իսկ մինչև 55 և 66 կգ քաշային կարգերում արծաթե մեդալակիր են դարձել Միհրան Ջաբուրյանն ու Դավիթ Սաֆարյանը:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն ասել է, որ ընդհանուր առմամաբ գոհ է իր սաների ելույթներից:

«Մինչ մրցաշարի մեկնարկը մենք Կոնչեզասպի բազայում 13-օրյա հավաք ենք անցկացրել և համատեղ մարզվել ենք Ուկրաինայի, Ղազախստանի, Չինաստանի և Թունիսի հավաքականների հետ: Ըմբիշներն ամեն օր ստուգողական գոտեմարտեր են ունեցել: Կազմի առումով մրցաշարը շատ ուժեղ էր, յուրաքանչյուր քաշային կարգում գրեթե 40 ըմբիշ էր մասնակցում»,- նշել է մարզիչը:

Նրա խոսքով, Մուրթազալիևը քաշային կարգը փոխելուց հետո առաջին անգամ է մասնակցել մրցաշարի և տոնել է 5 հաղթանակ: Ջաբուրյանն ու Սաֆարյանը հաղթել են համապատասխանաբար 3 և 4 գոտեմարտերում: Բաղդադյանը նշեց, որ նրանք չկարողացան հաղթել տակտիկական սխալների պատճառով. «Ես գոհ եմ նաև 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանից, նա առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների գորգում և լավ տպավորություն թողեց: Իսկ մյուսները հանդես եկան իրենց հնարավորություններից ցածր»:

Մարզիչը նշեց, որ հնարավոր է Էդգար Ենոքյանը (96 կգ) փոխի քաշային կարգը և հանդես գա գերծանրքաշային կարգում: Նման որոշման պատճառն այն է, որ նա մրցաշարերից առաջ ստիպված է լինում շատ քաշ կորցնել և չի կարողանում լավ ելույթ ունենալ:

Մինչ Եվրոպայի առաջնությունը, որը կայանալու է մարտի 19-24-ը Թբիլիսիում, հավաքականը կանցկացնի երկու հավաք Օլիմպիական հերթափոխի քոլեջում և ֆուտբոլի ակադեմիայում: