ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Լեռնային Ղարաբաղի հարցերով հատուկ կոմիտեն կարող են համագործակցել մի շարք հարցերի շուրջ: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի միջնորդ Յուրի Մերզլյակովը, մեկնաբանելով անցյալ շաբաթ Փարիզում ԵԽԽՎ հատուկ կոմիտեի շրջանակներում կայացած Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ լսումները: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բանակցություններում զբաղվում են միջնորդությամբ, ներկայացնում են առաջարկություններ, իսկ ԵԽԽՎ կարող է ներդրում ունենալ երկու երկրներում հասարակական կարծիքի մոբիլիզացման գործում` կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ փոխզիջումը գտնելու համար: ԵԽԽՎ-ն կարող է նաեւ ակտիվ լինել Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս երկու երկրների ստանձնած պարտավորությունների կատարման հարցերում, որոնցից կարեւորագույնը Լեռնային Ղարաբաղի համակարտությունը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու պարտավորությունն է», – ասել է ռուսաստանցի դիվանագետը: Յուրի Մերզլյակովը կարծիք է հայտնել, որ «Եվրոպայի Խորհուրդը եւ ԵԽԽՎ-ն կարող են իրենց վրա վերցնել հակամարտության գոտում զինադադարի ռեժիմի խախտման յուրաքանչյուր դեպքի վերահսկողությունը» եւ «ազդել կողմերի վրա, որպեսզի նրանք հետեւեն ստանձնած պարտավորություններին»: Նրա խոսքերով, «երկու կողմերից երբեմն հնչող ռազմատենչ հայտարարությունները եւ կոչերը` հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մասին, իհարկե, չեն նպաստում կարգավորման գործին»: «Մենք պատրաստ ենք կիսել մեր լիազորությունների մի մասը ԵԽԽՎ-ի հետ, որպեսզի նման հայտարարություններ չլինեն», – ասել է Յու. Մերզլյակովը: Նա նաեւ ավելացրել է, որ միջնորդներին «մտահոգում է նաեւ երկու երկրների ռազմական բյուջեների վերջերս արձանագրված աճը, որը որեւէ փուլում կարող է ազդել հակամարտությունը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու պարտավորության կատարման վրա», հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:






