AM
23 Սեպտեմբեր 2005 - 05:17 AMT

ՄԱԿ-Ը ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԱԽԱԼՔԱԼԱՔ-ԿԱՐՍ ՆԱԽԱԳԾԻՆ

Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս եկաթուղու կառուցման նախագիծը թույլ կտա Կասպից ծովի երկրներին Բաքվից Եվրոպա բեռներ եւ ուղեւորներ փոխադրել Թուրքիայի տարածքով: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Անվարուլ Չոուդխուրին Նյու Յորքում Զարգացող երկրների խմբի նախարարների 6-րդ հանդիպման ժամանկ: Խոսելով Հարավային Աֆրիկայում տարածաշրջանային համագործակցության փորձի արդյունավետության մասին` Ա.Չոուդխուրին դրական է գնահատել ներկայումս Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ ընթացող բանակցությունները Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երակթուղու անցկացման շուրջ: Այս նախագծի նշանակությունը կարեւորել է իր ելույթում նաեւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ԱՊՀ եւ Արեւելյան Եվրոպայի երկրների բյուրոյի տնօրեն Կալման Մեյժեն: Հանդիպմանը մասնակցել եւ ելույթ է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նա տեղեկացրել է Ադրբեջանի ներդրման մասին տարածաշրջանային համագործակցության զարգացման գործում` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի անցկացման միջոցով: Նախարարը տեղեկացրել է նաեւ Ադրբեջանի գերակայությունների մասին այս կազմակերպության շրջանակներում դեկտեմբերին Հոնգկոնգում կայանալիք հանդիպման վերաբերյալ, հաղորդում է Բաքվի «525» թերթը: