Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանն այսօր հանդիպել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթի կոմպոզիտորների միության նախագահ Թոմաս Բուխհոլցին եւ Երեւանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյանին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Թ. Բուխհոլցը ներկայացրել է իր կողմից գրված «Ողբ Հայաստանի» պարտիտուրը` նվիրված Հայոց ցեղասպանության 85-ամյակին: Այդ ստեղծագործությունը 2000 թվականին արդեն մեկ անգամ կատարվել էր Երեւանի պետական կամերային երգչախմբի կողմից «Հալե» ամենամյա փառատոնի ժամանակ: Թ. Բուխհոլցը, որը «Հալե» ամենամյա փառատոնի գեղարվեստական ղեկավարն է, գոհունակություն է հայտնել վերջին տարիներին հայ երաժիշտների հետ ակտիվ համագործակցության կապակցությամբ: Նա նաեւ տեղեկացրել է, որ նոյեմբերի 11-19-ը Երեւանի պետական կամերային երգչախումբը կրկին կմասնակցի «Հալե» փառատոնին, եւ փառատոնի մեկ օրը նվիրված կլինի Հայոց ցեղասպանության 90-ամյակին: Իր հերթին, Հայաստանի փոխարտգործնախարարը մեծապես կարեւորել է հայ-գերմանական մշակութային կապերը եւ պատրաստակամություն հայտնել աջակցելու այդ կապերի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:






