Իրաքցի զինյալները, որոնք գերի էին վերցրել հայազգի գործարար Կարապետ Ժան Ջեքերջյանին, 1 միլիոն դոլար են պահանջել նրան ազատ արձակելու համար: Վերջնագրի ժամկետը լրանում է այսօր: Խմբավորումը, որի անվանումը մինչ այդ հայտնի չէր, սպառնացել է սպանել 40-ամյա Ջեքերջյանին, որը Կիպրոսի եւ Լիբանանի քաղաքացիություն ունի եւ «Ջեթքո» ընկերության պատվերով խմիչք եւ սնունդ էր իրացնում Իրաքում: Կատարելով առեւանգողների պահանջը, ընկերությունը մեկ շաբաթ առաջ դադարեցրել է իր գործունեությունը Իրաքում: Անցած շաբաթ հաղորդումներ էին ստացվում այն մասին, որ առեւանգողները նախ 2 միլիոն դոլարի փրկագին են պահանջել, սակայն հետո համաձայնություն է ձեռք բերվել 500 հազար դոլարի շուրջ: Վերջին տվյալներով, առեւանգողները Ջեքերջյանի համար պահանջել են 1 միլիոն դոլար, հաղորդում է Իտար-Տասսը:






