AM
25 Փետրվար 2013 - 06:22 AMT

Հայաստանի աթլետիկայի հավաքականը Թուրքիայում վթարի արդյունքում չի տուժել

Հայաստանի աթլետիկայի հավաքականի բոլոր անդամներն անվնաս հասել են մրցման վայր և մասնակցել Ստամբուլում կայացած Բալկանյան երկրների աթլետիկայի առաջնությանը: Հավաքականի անդամներից ոչ ոք որևէ լուրջ վնասվածք չի ստացել:

Նախօրեին Թուրքիայում շրջվել էր Հայաստանի աթլետիկայի հավաքականին տեղափոխող ավտոբուսը, սակայն հայ մարզիկներին և մարզիչներին տրամադրվել է նոր փոխադրամիջոց, որով նրանք անվնաս հասել են մրցման վայր և մասնակցել առաջնությանը: «Տեղեկատվությունը, որ հավաքականի անդամները ստացել են մարմանական լուրջ վնասվածքներ և տեղափոխվել են հիվանդանոց չի համապատասխանում իրականությանը»,- Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանի խոսքը մեջբերում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

Առաջնությունը, որին մասնակցել են Ռումինիայի, Թուրքիայի, Հայաստանի, Բուլղարիայի, Մակեդոնիայի, Խորվաթիայի, Սերբիայի, Ալբանիայի, Հունաստանի, Մոլդովայի, Բոսնիա-Հերցեգովինայի և Մոնտենեգրոյի հավաքկաններն, արդեն ավարտվել է, և հայ մարզիկները վերադառնում են Երևան: Առաջնության արդյունքներով, Հայաստանի հավաքականի կանանց թիմը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Համեմատաբար անհաջող են հանդես եկել տղամարդիկ՝ զբաղեցնելով 9-րդ տեղը: Հավաքականի կազմում ընդգրկված են եղել թվով 14 մարզիկներ: