AM
26 Սեպտեմբեր 2005 - 04:24 AMT

1915 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԳՆԱՀԱՏՎԵԼ ԱՅԼ ԿԵՐՊ, ՔԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԳՏՆՈՒՄ Է ԹՈՒՐՔ ՊԱՏՄԱԲԱՆԸ

Անցյալ շաբաթվա վերջին Ստամբուլի Բիլգի համալսարանում տեղի է ունեցել «Հայերը Օսմանյան կայսրության փլուզման շրջանում. գիտական պատասխանատվության եւ ժողովրդավարության հարցեր» գիտաժողովը, որը շատ մասնագետների կարծիքով, կարող է թուրքական հասարակությունում սկիզբ դնել այս հարցի շուրջ քննարկումներին: «Մենք չենք կարող թույլ տալ, որ քննարկումները սահմանափակվեն երկու իրարամերժ կարծիքներով` եղել է ցեղասպանություն, թե ոչ: Մենք պետք է փորձենք հասկանալ, թե ինչ է պատահել 1915 թվականին», – գիտաժողովում հայտարարել է Օսմանյան կայսրության պատմությունն ուսումնասիրող հայտնի պատմաբան Հալիլ Բեքթայը եւ փաստել. – «Օսմանյան կայսրության պաշտոնյաները Առաջին աշխարհամարտի սկզբին հայտարարել են հայերին որսալու բաց սեզոն»: Իսկ պատմաբան Ֆիքրեթ Ադանիրը բացեիբաց հայտարարել է, թե կոտորածները կարող են բնութագրվել որպես ցեղասպանություն: «Դա է իմ կարծիքը», – հայտարարել է նա:
«Լոս Անջելես Թայմզ» թերթն էլ երկուշաբթի օրը մեջբերել է Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի կարծիքը, ըստ որի, «այս գիտաժողովը կզարմացնի աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերին: Հիմա նրանցից ոմանք քաջություն կունենան երկխոսության մեջ մտնելու թուրքերի հետ», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Նշենք, որ գիտաժողովը երկու անգամ հետաձգվել էր, վերջին անգամ` հինգշաբթի օրը Ստամբուլի դատարանի որոշմամբ: Մինչդեռ, դատարանի որոշումը քննադատեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը` անվանելով այն անհամատեղելի ժողովրդավարական եւ քաղաքակիրթ հանրության նորմերի հետ: Թուրքիայի իշխանությունները քննադատվեցին նույնիսկ Եվրահանձնաժողովի կողմից: «Այդպիսի որոշման համար պատճառաբանության բացակայությունը կոնֆերանսից մեկ օր առաջ նման է եւս մեկ սադրանքի»,-ուրբաթ օրը հաղորդել է ընդլայնման հարցով Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Քրիստինա Նաղին: