AM
26 Սեպտեմբեր 2005 - 07:46 AMT

ԵԽ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻՆ` ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը հանդես է եկել հայտարարությամբ, որում շնորհավորել է Ստամբուլի Բիլգի համալսարանում «Հայկական» գիտաժողովի կազմակերպիչներին` «համարձակության եւ վճռականության» համար: Նա նաեւ նշել է, որ «ժամանակակից, ժողովրդավարական եւ հանդուրժողական Թուրքիային հավատացող մարդիկ հրաժարվեցին վախենալ արմատական ազգայնամոլներից Ստամբուլի փողոցներում»: «Ես վերահաստատում եմ աջակցությունս վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի դիրքորոշմանը, որը պաշտպանեց արտահայտման ազատությունը Թուրքիայում: Հույս ունեմ, որ նման վերաբերմունքը կգերակայի նաեւ ամենահայտնի թուրք գրողներից մեկի` Օրհան Փամուկի խայտառակ դատական հետապնդման հարցում, որին մեղադրում են միայն Հայկական հարցի վերաբերյալ արած հրապարակային հայտարարությունների համար», – հայտարարել է Թերի Դեւիսը: «Ես գիտակցում եմ տվյալ հարցի զգայունությունը Թուրքիայի իշխանությունների եւ հասարակական կարծիքի համար, սակայն նման ցավագին հարցերը պետք է լուծվեն երկխոսության եւ ճշմարտության, եւ ոչ թե հետապնդումների եւ քարոզչության միջոցով: Լինելով Եվրոպայի Խորհրդի անդամ, Թուրքիան պարտավոր է հարգել Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան, եւ ես համոզված եմ, որ թուրքական իշխանությունները չեն հրաժարվի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումներից` Թուրքիայի եւ Եվրոպայի միջեւ հարաբերությունների այս ճակատագրական պահին», – հայտարարել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: