AM
27 Սեպտեմբեր 2005 - 03:37 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՆԱՏՕ-Ի ԽՎ «ՌՈՈՒԶ-ՌՈԴ» ՍԵՄԻՆԱՐԻՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Ռամիզ Մելիքովը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները չեն մասնակցի հոկտեմբերի 6-ից 9-ը Երեւանում կայանալիք ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Ռուզ-Ռոդ» սեմինարին: «Մենք առայժմ որեւէ տեղեկություն չունենք Հայաստանում ՆԱՏՕ-ի շրջանակներում կայանալիք հանդիպման մասին: Եթե հանդիպումը, այնուամենայիվ, տեղի ունենա, ապա Ադրբեջանի Զինված ուժերի ներկայացուցիչները դրան չեն մասնակցի», – հայտարարել է Մելիքովը: Մինչ դեռ, Հայաստանի խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանն անցած շաբաթ հայտնել էր, որ 60 խորհրդականներ 22 երկրներից համաձայնություն են տվել մասնակցել սեմինարին, որի ընթացքում նախատեսվում է քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման, տարարաշրջանային համագործակցության, բանակի եւ ոստիկանության բարեփոխումներին առնչվող հարցեր: Մ. Շահգելդյանը նաեւ նշել էր, որ Հայաստանը պատրաստ է ընդունել նաեւ Ադրբեջանի ներկայացուցիչներին` տալով անվտանգության երաշխիքներ, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: