«ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների Վիենայում հանդիպման նպատակն է ղարաբաղյան հակամարտության ներկա իրավիճակի եւ գործընթացի մասին տեղեկությունների փոխանակումը»,- հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Նրա խոսքերով` նման հանդիպումներ անցկացվում են պարբերաբար: Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի լիազորությունների մի մասի հանձնումը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին` փոխարտգործնախարարը հայտնել է, որ Ադրբեջանը երբեք չի պահանջել ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի փոփոխություն. «Մենք չենք էլ մտածում հանդես գալ նման պահանջով: Ադրբեջանը բարձր մակարդակով բազմիցս նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության նշանակությունն ու անհրաժեշտությունը: Ադրբեջանը երբեք չի փորձել փոքրացնել որեւէ այլ կազմակերպության դերը եւ երբեք թույլ չի տա դա, որովհետեւ Մինսկի խումբը մնում է որպես քաղաքական ճանապարհով հակամարտությունը լուծելու գործունեության կենտրոն»: Ա.Ազիմովի խոսքերով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմնակից են այդ գործունեության կատարմանը սահմանափակ ձեւչափում. «Մենք հասկանում ենք նրանց եւ ողջունում ենք նման մոտեցումը: Այն իմաստով, որ հակամարտության կարգավորման իսկական փուլը կազմված է համաձայնագրի պատրաստման քաղաքական պայմանավորվածության նպատակով անցկացվող նախնական սկզբունքների եւ քննարկումների մշակումից: Հավանական է, հերթական փուլում ձեւաչափը հնարավոր է ընդլայնել: Իսկ համանախագահների գործունեությունը ինքնին ղեկավարվում է Մինսկի խմբի մանդատով»: Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը հայտարարել է նաեւ, որ մյուս կազմակերպությունները եւս մեծ դեր են խաղում ղարաբաղյան կարգավորման գործում: Ա. Ազիմովը հատուկ նշել է ՄԱԿ-ի եւ ԵԽԽՎ դերերն այդ հարցում. «Չի կարելի մոռանալ ՄԱԿ-ի կողմից 1993 թվականին ընդունված բանաձեւերը: Չնայած, որ հակամարտությունը լուծված չէ, այդ բանաձեւերը կարգավորման գործընթացի հիմնական իրավական դաշտն են: Մյուս կողմից, ՄԱԿ-ը այդ տարիներին խոշոր միջոցներ է տրամադրել Ադրբեջանի տարածքներում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված գաղթականների վիճակի բարելավման նպատակով: Ինչ որ մեկը, հնարավոր է, ուշադրություն չի դարձնում դրա վրա, սակայն այդ օգնությունը ՄԱԿ-ի շրջանակներում շարունակվում է: Միեւնույն ժամանակ, ՄԱԿ-ի անցյալ տարվա նստաշրջանում, այն բանից հետո, երբ բացահայտվել էր ադրբեջանական գրավյալ հողերում անօրինական բնակեցումը` մենք դիմեցինք ՄԱԿ-ին: Այդ հարցը քննարկվել էր ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում, որի արդյունքում օրակարգ էր մտցվել Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին կետը: Հետագայում, այդ կետի շրջանակներում, ցանկացած մակարդակով եւ ցանկացած ձեւաչափում կարելի կլինի հակամարտության մասին հարցի քննարկում: Դա կարող է կապված լինել եւ կրիտիկական իրավիճակի, եւ դրական փոփոխությունների հետ: Այդ դեպքերում Ադրբեջանը կարող է դիմել այդ կետին: Միեւնույն ժամանակ, տվյալ հարցի քննարկումը ՄԱԿ-ի շրջանակներում օժանդակում է միջազգային հանրության դիրքորոշման ավելի սերտ ձեւավորմանը»,- տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը:






