Կիպրոսի Հանրապետությունը վետո է դրել Ադրբեջանի թեկնածության վրա եւ արգելափակել է Ադրբեջանի մասնակցությունը Եվրամիության «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւանություն» ծրագրին: Այսպիսով, Ադրբեջանի եւ Եվրամիության միջեւ բանակցությունները հետաձգվել են անորոշ ժամանակով: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Day.az գործակալությունը, ծրագրի դադարեցումը պայմանավորված է պաշտոնական Բաքվի նկատմամբ Կիպրոսի դիրքորոշման հետ` կապված Ադրբեջանի եւ չճանաչված Հյուսիսային Կիպրոսի միջեւ ուղիղ օդային կապ հաստատելու հետ: Ընդսմին, ինչպես տեղեկացրել է Բաքվի «Զերկալո» թերթը, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Թահիր Թաղիզադեն հայտարարել է, որ բանակցությունները հետաձգվել են տեխնիկական պատճառներով: Ադրբեջանական կողմը համապատասխան փաստաթղթեր է ներկայացրել Բրյուսել եւ սպասում է Եվրամիության արձագանքին: Մասնավորապես, պետք է որոշվեն Ադրբեջան ԵՄ հատուկ պատվիրակության ժամանելու ժամկետները: «Այլ դրդապատճառներ չկան»,- հաստատում է Թ.Թաղիզադեն:Նրա խոսքերով` մանրախնդրությունը Կիպրոսի հարցում անհիմն է, քանզի «Ադրբեջանի պաշտոնական իշխանությունների քաղաքականություն ուղղված է Թուրքիայի Հյուսային Կիպրոսի Հանրապետության միջազգային հումանիտար շրջափակման վերացմանը, որը ողջունվում է միջազգային կազմակերպությունների կողմից, այդ թվում նաեւ` ՄԱԿ-ի եւ ԵՄ կողմից»: Չվերթները թուրքական Կիպրոս իրականացնում են մասնավոր ընկերությունները եւ Ադրբեջանի կառավարության պաշտոնական քաղաքականության մաս չեն կազմում, հայտարարել է Թ.Թաղիզադեն:






