Հայաստանի այկիկենդո կարատեիստները մասնակցել են Թբիլիսիում անցկացված Կոնտակտային մարտարվեստների Վրաստանի բաց առաջնությանը:
Հայաստանի հավաքականը փայլուն է ելույթ ունեցել` թիմային հաշվարկով գրավելով առաջին հորիզոնականը: Տարբեր տարիքային խմբերում 23 հայ մարզիկները նվաճել են 6 ոսկե, 6 արծաթե և 6 բրոնզե մեդալներ: Հաղթանակներ են տոնել Տիգրան Դավթյանը, Սմբատ Սիրավյանը, Միքայել Կառավարիչյանը, Արտակ Բալայանը, Օգսեն Վարդանյանը և Վահան Ասարտյանը, PanARMENIAN.Net-ին տեղեկացրել են այկիկենդո կարատեի ֆեդերացիայից:
«Ինչպես և նախատեսել էինք, այս առաջնությունը մեր հավաքականի համար լուրջ ստուգատես էր 2013 թվականի նախատեսված մի շարք միջազգային մրցաշարերից առաջ: Արդեն ստացել ենք հրավեր ապրիլին Թբիլիսիում կայանալիք կոնտակտային մարտարվեստների Եվրասիայի առաջնությանը մասնակցելու համար: Այս մրցաշարը մեզ հնարավորություն տվեց ծանոթանալ մեր հնարավորություններին»,- ասել է ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արեգ Բարսեղյանը:






