AM
27 Փետրվար 2013 - 11:22 AMT

Ադրբեջանը բողոքի նոտա է հանձնել Լիտվայի ԱԳՆ-ին

Ադրբեջանը բողոքի նոտա է հանձնել Լիտվայի ԱԳՆ-ին Լիտվայի Հանրապետություն – Արցախի Հանրապետություն բարեկամության խումբ ստեղծելու առնչությամբ: Այդ մասին «Թրենդ» գործակալությանն են հայտնել Լիտվայում Ադրբեջանի դեսպանատանը:

«Դա մի քանի հայամետ պատգամավորների նախաձեռնությունն է և չունի պաշտոնական հիմնավարում»,-ասել են դեսպանատանը:

Լիտվայում Ադրբեջանի դեսպան Հասան Մամեդզադեն այդ հարցի շուրջ հանդիպումներ է ունեցել Լիտվայի Սեյմի ու ԱԳՆ ղեկավարության հետ:

«Երկու հանդիպումներում էլ Լիտվայի պաշտոնյաները հաստատեցին, որ այս նախաձեռնությունը երկրի պաշտոնական դիրքորոշումը չէ: Լիտվայի պաշտոնական դիրքորոշումը Ղարաբաղի հարցում անփոփոխ է մնում»,-ասել են դեսպանատանը: Այժմ Ադրբեջանի դեսպանությունը սպասում է իր նոտայի պատասխանին:

Փետրվարի 26-ին Լիտվայի Սեյմում ընդունվել է Լիտվայի Հանրապետություն – Արցախի Հանրապետություն բարեկամության խումբ ստեղծելու վերաբերյալ հռչակագիրը: