AM
30 Սեպտեմբեր 2005 - 05:20 AMT

Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿԱՐԵՎՈՐԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելիին: Ռ.Քոչարյանին ներկայացնելով միջկառավարական հանձնաժողովի երեւանյան նիստի արդյունքները, Զ.Նողաիդելին ասել է, որ քննարկվել են երկկողմ հարաբերություններում առկա բոլոր հրատապ խնդիրները եւ գրեթե բոլոր հարցերի վերաբերյալ գտնվել են փոխընդունելի ու փոխշահավետ լուծումներ: Հանրապետության նախագահը եւ Վրաստանի կառավարության ղեկավարը հատկապես մեծ ուշադրություն են հատկացրել էներգետիկայի, տրանսպորտի, մաքսային ոլորտում փոխգործակցությանը: Նրանք քննարկել են Հայաստանից Վրաստան էլետրաէներգիայի արտահանման նոր հնարավորությունները: Ռոբերտ Քոչարյանը կարեւորել է էներգետիկայի ոլորտում փոխգործակցության ընդլայնումն, ինչը, նրա կարծիքով, կարող է դառնալ տարածաշրջանային համագործակցության ռեալ ծրագիր: Հաշվի առնելով Հայաստանի եւ Վրաստանի միջեւ աճող փոխայցելությունները, տուրիզմի զարգացման միտումները, կողմերն ընդգծել են տրանսպորտային նոր հնարավորությունների անհրաժեշտությունը: Նրանք հատկապես կարեւորել են Երեւան-Թբիլիսի, Երեւան-Բաթումի օդային ուղիղ չվերթների, ինչպես նաեւ Երեւան-Բաթումի երկաթուղային հաղորդակցության կազմակերպումը: Ենթաակցիզային ապրանքների մաքսանենգ շրջանառությունը կանխարգելելու համար կարեւորվել է երկու երկրների մաքսային գերատեսչութունների փոխգործակցության ակտիվացումը: Զրուցակիցների խոսքով, մաքսանենգությունը թեեւ բավականին կրճատվել է, սակայն խնդիրը դեռեւս մնում է: Ռոբերտ Քոչարյանը եւ Զուրաբ Նողաիդելիի անդրադարձել են նաեւ Ջավախքի սոցիալ-տնտեսական վիճակին: Վրաստանի վարչապետն ասել է, որ կառավարությունը մտադիր է «Հազարամյակի Մարտահրավերներ» հիմնադրամի կողմից տրամադրված միջոցներով եւ պետական բյուջեի օգնությամբ Ջավախքում իրականացնել ավտոճանապարհների վերանորոգման հնգամյա ծրագիր: Վրաստանի կառավարությունը մտադիր է նաեւ հայալեզու քաղաքացիների համար իրականացնել կրթական ծրագրեր, ակտիվ մասնակցություն ունենալ Ջավախքում դպրոցաշինությանը: