AM
1 Մարտ 2013 - 16:16 AMT

Բելառուսում ՀՀ դեսպան. Սումգայիթը բացահայտեց Ադրբեջանում հայերի դեմ պատրաստված հանցավոր վճիռը

Փետրվարի 28-ին Բելառուսում ՀՀ դեսպանությունը և հայկական համայնքային կառույցները Մինսկում տեղադրված հայկական խաչքար-հուշակոթողի մոտ կազմակերպել են սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հավաքվածների առջև հանդես է եկել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Խաչատրյանը: Դեսպանը նշել է, որ. «Սումգայիթի եղեռնագործությունը դարձավ Ադրբեջանում հայերի դեմ 20-րդ դարի սկզբից պարբերաբար իրականացվող կազմակերպված հանցագործությունների շարունակություն՝ բացահայտելով այդ երկրի տարածքում ողջ հայ բնակչության համար նախապատրաստած հանցավոր վճիռը: Այդ հանցավոր ծրագրի իրականացումը հնարավոր եղավ խափանել միայն Արցախում կազմակերպված ինքնապաշտպանության արդյունքում»:

Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել սումգայիթյան նահատակների հիշատակին և ծաղկեպսակներ զետեղեցին խաչքար-հուշակոթողին: