ԱՄՆ-ն ցանկանում է տեսնել Ադրբեջանում ազատ ու արդար ընտրություններ: Այս մասին հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում, հայտնում է contact.az-ը:
«Սակայն դրա համար բավարար չեն միայն քվեարկության օրն անցկացվելիք միջոցառումները: Պետք է պայմաններ ստեղծվեն հավաքների ազատության, ԶԼՄ-ների մատչելիության համար: Այդ հարցերի շուրջ մենք կշարունակենք երկխոսությունը կառավարության հետ»,-ասել է ԱՄՆ դեսպանը:
Անդրադառնալով ընդդիմադիրների ձերբակալությանը, բողոքի ցույցերին Իսմաիլլիում, Գուբայում և այլուր, Մորնինգսթարն ասել է. «Մենք հենց սկզբից ասում էինք, որ հետևում ենք այդ իրադարձություններին և մտահոգված ենք: Մենք կոչ ենք անում կառավարությանը պահպանել օրենքով սահմանված կարգը, երկխոսություն հաստատել քաղաքացիների հետ, լուծել նրանց խնդիրները»:






