AM
8 Հոկտեմբեր 2005 - 08:54 AMT

Հայաստանը առաջարկում է մշակել մի փաստաթուղթ, որը կուժեղացնի մշակութային ժառանգության պաշտպանությունը

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը նախօրեին ժամանեց Փարիզ` մասնակցելու ՅՈՒՆԷՍԿՕ-ի 33-րդ Գլխավոր կոնֆերանսին, որի հիմնական թեման այս տարի կրթական հարցերն են, նշանաբանը` «Կրթությունը բոլորի համար», հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նույն օրը Վ.Օսկանյանը կոնֆերանսին հանդես եկավ ելույթով: ՀՀ ԱԳՆ ղեկավարը, մասնավորապես, նշեց, որ Հայաստանը լիովին աջակցում է կազմակերպության քաղաքականությանը կրթության ոլորտում, որը համընկնում է այդ ոլորտում ՀՀ ռազմավարության հետ: Ութ դար առաջ հիմնադրված առաջին համալսարանը եւ աշխարհում գրագիտության ամենաբարձր ցուցանիշներից մեկը` կրթությանը եւ գիտությանը Հայաստանի նվիրվածության ապացույցն են: Աշխարհի տարբեր երկրներով մեկ սփռված հայկական մշակութային արժեքներն են դարձել հայ ժողովրդի գոյատեւման միջոցը եւ երաշխիքը` Սինգապուրից մինչեւ Լվով, Մակաոյից մինչեւ Փարիզ, ասաց նախարարը: Եւ չկա ավելի լավ օրինակ, քան Վենետիկի Սուրբ Ղազար կղզին, որի մշակութային հայրերն են հավասարապես հայերն ու իտալացիները: «Եվ մենք կերազեիք, որ մեր անմիջական հարեւանը նույնչափ հանդուրժող եւ գնահատող լիներ: Մինչդեռ Թուրքիայում հայկական հազարավոր մշակութային հուշարձանները խորհրդանշում են ոչ միայն կորսված մարդկային կյանքը, այլեւ կորսված հնարավորություններ, նշեց նախարարը: Իր հերթին, Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ մեզնից հեռանա, եւ քանի որ այլեւս նրա տարածքում հայ չի մնացել, հայկական մշակութային հուշարձաններն են դարձել նրանց թիրախը»,-հայտարարել է Վարդան Օսկանյանը: ՀՀ ԱԳՆ ղեկավարի խոսքերով, Հայաստանի համար պատիվ է ունենալ մի շարք մշակութային հուշարձաններ ու պատմական վայրեր, որոնք ընդգրկված են Աշխարհի ժառանգության ցանկում, հաշվի առնելով այն սկզբունքը, որ մշակութային ժառանգությունը ազգային ինքնության կարեւորագույն բաղկացուցիչն է: Այնուհետեւ նախարարը, գոհունակություն հայտնելով կազմակերպության կողմից ծավալած գործունեության կապակցությամբ, ներկայացրեց Հայաստանի պատվիրակության մտադրությունը Մշակութային բազմազանության պաշտպանության եւ խրախուսման Կոնվենցիան վավերացնելու վերաբերյալ: ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշվեց նաեւ, որ ունենալով մշակութային հուշարձանների ոչնչացման դառը փորձ, Հայաստանն առաջարկում է մշակել մի նոր փաստաթուղթ, որը կուժեղացնի մշակութային ժառանգության պաշտպանությունը: