Վրաստանի հայաբնակ Սամցխե Ջավախքում ստեղծված իրավիճակում բացարձակապես ոչ մի հետք չի նկատվում, հատկապես ռուսական, հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը` մեկնաբանելով հաղորդագրություններն այն մասին, թե Ջավախքի հայերի գործողությունները ուղղորդում են ռուսական հատուկ ծառայությունները: Նրա խոսքերով, իրադրության սրումը Ջավախքում ծանր սոցիալ-տնտեսական իրավիաճկի արդյունք է: «Սակայն Վրաստանի իշխանությունները իրենց գործողություններում պետք է ծայրահեղ ուշադիր եւ զգույշ լինեն, քանի որ ցանկացած փոքր սադրանք կարող է վերածվել մասշտաբային բախումների»,-նշել է Գառնիկ Իսագուլյանը: Հիշեցնենք, որ Ջավախքի շրջանային կենտրոն Ախալքալաքի շուրջ 300 բնակիչներ հավաքվել էին շրջանի պրեֆեկտուրայի շենքի առջեւ` բողոքելով տեղի շուրջ տասնյակ խանութների փակման վերաբերյալ իշխանությունների որոշման դեմ: Ի պատասխան Ախալքալաքի ժանդարմերիայի զինվորները սկսել նե ցրել հավաքվածներին, դաժան ծեծի ենթարկելով նրանց ռետինե մահակներով: Ժանադարմները նաեւ ինքնաձիգներից օդ են կրակել: Ծեծի արդյունքում տուժել է մի քանի մարդ, որոնք հոսպիտալացվել են: Ջավախքի հասարակական կազմակերպությունների ղեկավարները համոզվածություն են հայտնել, որ հայերի խանութների զանգվածային փակումը եւ խաղաղ ցույցի դաժան ցրումը Վրաստանի իշխանությունների կողմից փորձ է ճնշում գործադրելու Ջավախքի վրա` 2005 թ.սեպտեմբերի 24-ին Ջավախքի Հասարակական կազմակերպությունների խորհրդի Վրաստանի իշխանություններին ուղղված կոչից հետո, որով առաջարկվում էր հայաբնակ Ջավախքին տալ Վրաստանի ինքնավար դաշնային սուբյեկտի կարգավիճակ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:






