Հոկտեմբերի 5-ին Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) պաշտոնապես արձագանքել է ԱՄՆ Պետդեպարտամենտի փորձին` խոչընդոտելու Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունմանը: Սեպտեմբերի 15-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է ցեղասպանության վերաբերյալ երկու բանձեւերը, որոնք պետք է ներկայացվեին ընդլայնված նիստի քննարկմանը: Վերջերս Պետդեպարտամենտը նամակ էր հղել Կոնգրես, որտեղ դեմ էր արտահայտվել բանաձեւի հաստատմանը: ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին ուղղված պատասխան նամակում Հայ Դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը հայ համայնքի կողմից խորը վրդովմունք է հայտնել ամերիկյան վարչակազմի թուրքամետ քաղաքականության առնչությամբ, որը նպաստում է Թուրքիայի ցեղասպանության մերժման քաղաքականությանը:






