Հայաստանի Ոստիկանության պատվիրակությունը մասնակցել է հոկտեմբերի 10-ին Կրասնոդարի երկրամասում կայացած Ռուսաստանի ՆԳՆ հատուկ ծառայությունների տակտիկական գործնական զորավարժություններին` «Ներքին մարմինների ուժերի եւ միջոցների գործողությունները բնակելի վայրերում զանգվածային անկարգությունների կասեցման, իշխանության մարմինների օբյեկտների գրավումը կանխելու եւ կասեցնելու ուղղությամբ» թեմայով: Զորավարժությունների նպատակն էր ահաբեկչության դեմ պայքարի գործողությունների մշակուկը եւ ամրապնդումը, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Հայ ոստիկանները Կուբան են ժամանել սեպտեմբերի 24-ին Կրասնոդարի մարզի ՆԳՊՎ իր գործընկերների հետ փորձի փոխանակման նպատակով: Սեպտեմբերի 26 եւ 27-ին Կուբանի միլիցիայի եւ հայկական ոստիկանության աշխատակիցները ուսումնասիրում էին հատուկ նշանակության ստորաբաժանումների ձեւավորման մեթոդները, նրանց նյութա-տեխնիկական հագեցվածությունը, ռազմական սպառազինումը եւ տեխնիկական միջոցների տեսակները, ինչպես նաեւ հրազենի կիրառման եւ օգտագործման կանոնները: Սեպտեմբերի 28-ին Կրասնոդարի երկրամասի Ակադեմիայի սպորտային դահլիճում պատվիրակության անդամները կատարելագործում էին մարտարվեստի, սառը զենքից եւ հրազենի կիրառումի սպառնալիքից պաշտպանվելու իրենց ունակությունները եւ մշակում էին անձնակազմի գործողությունները տագնապի եւ ազդարարման ազդանշանների կիրառման դեպքում: Հայաստանի Ոստիկանության պատվիրակությունը Կուբանում կմնա մինչեւ հոկտեմբերի 12-ը:






