Թաուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի նամակը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին միջազգային հանրությանը խելացիորեն խաբելու փորձ էր: Այսպես բնորոշեց հայկական հարցն ուսումնասիրելու նպատակով պատմաբանների համատեղ հանձնախումբ ստեղծելու վերաբերյալ թուրքական կողմի առաջարկը Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը Երեւանում անցկացված ՆԱՏՕ-ի ԽՎ «Ռոուզ-Ռոթ» սեմինարին իր ելույթում: Նրա խոսքերով, բացի 1915 թ. Օսմանյան Թուրքիայի տարածքում ապրող հայերի ցեղասպանությունից, Թուրքիան գործել է եւս մեկ հանցագործություն արդեն անկախ Հայաստանի Հանրապետության դեմ: Ըստ նրա, 1919 թ. Հայաստանի Հանրապետությունն ուներ 70 հազար քմ տարածք, սակայն Թուրքիայի ագրեսիայի արդյունքում, որին սատարում էին նաեւ ռուս բոլշեւիկները, Հայաստանը կորցրեց Կարսի, Արդահանի, Սուրմալուի մարզերը, ինչպես նաեւ դրանց բնակչության զգալի մասը: Ըստ Վահան Հովհաննիսյանի, այս հանցագործությունն արդեն ագրեսիա էր այլ պետության հանդեպ, որի արդյունքում առաջացել են այն խնդիրների մեծ մասը, որոնք այսօր Հարավային Կովկասի անկայունության պատճառ են հանդիսանում: Այդ խնդիրների թվում են հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված բոլոր հարցերը:Այդ իսկ պատճառով, պատմաբանների հանձնախմբի փոխարեն միջպետական հանձնաժողով ստեղծելու մասին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի փոխադարձ առաջարկը, ըստ բանախոսի, շատ ավելի ճշգրիտ է: ԱԺ փոխնախագահի համոզմամբ, միջպետական հանձնաժողովի աշխատանքը կարող է շատ ավելի ռեալ արդյունք ունենալ. «Կարծում եմ, հենց այդ պատճառով էլ այդ առաջարկն անպատասխան է մնացել»,-հայտարարել է նա: Ըստ Վահան Հովհաննիսյանի, եվրոպական արժեքների հիմքում ընկած զղջման եւ ապաշխարանքի գաղափարները չեն ընդունվում թուրքական հասարակության կողմից: «Թուրքիան, որն այսօր փորձում է Եվրամիության անդամ դառնալ, պետք է պատրաստ լինի դրան ներսից, Թուրքիայի հասարակությունը դեռ ինքը պետք է փոխվի»,- ընդգծեց նա:






