Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը ընդունեց Միացյալ Արաբական Էմիրությունների Շարժայի էմիր շեյխ Սուլթանի ալ-Կաասիմիի բարձրագույն կրթության հարցերով հատուկ խորհրդական դոկտոր Ամր Աբդել-Համիդին: Վերջինս Հայաստան էր ժամանել Շարժայի էմիրի հանձնարարությամբ, հայտարարում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Դոկտոր Ամր Աբդել-Համիդին տեղեկացրեց Գեղամ Ղարիբջանյանին իր այցելության արդյունքների մասին, նշելով Շարժայի Էմիրի հետաքրքրվածությունը Հայաստանի գիտական եւ կրթական օջախների հետ համագործակցության ծավալման ուղղությամբ: Նա նաեւ տեղեկացրեց, որ արդեն իսկ գործնական հանդիպումներ են եղել Հայաստանի ԳԱԱ նախագահի եւ ԵՊՀ ռեկտորի հետ, որոնց ժամանակ քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ: Կողմերը խոսեցին համագործակցության հնարավոր ուղիների մասին` մասնավորապես կանգ առնելով Երեւանի Պետական Համալսարանի եւ Շարժայի Համալսարանի միջեւ դասախոսների եւ ուսանողների փոխանակման հնարավորությունների ուսումնասիրման վրա:






