Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր «անհեթեթ» է անվանել Ադրբեջանի ԿԸՀ կոչը ԼՂՀ քաղաքացիներին` Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասնակցելու վերաբերյալ: «Հասկանալի է, որ որեւէ մասնակցություն չի լինելու», – հայտարարել է Աշոտ Ղուլայնը: Մեկնաբանելով ընտրությունների նախաշեմին Ադրբեջանում տիրող ներքաղաքական իրավիճակը, Աշոտ Ղուլյանը նշել է, որ
«այն լիովին համընկնում է մեր կանխատեսումների հետ»: Նրա խոսքերով, «մենք համոզված էինք, որ ընտրարշավը կանցնի խախտումներով, չարտոնված հանրահավաքներով, ընդդիմության վրա ճնշում գործադրելով եւ ցուցարարներին ցրելով»: ԼՂՀ խորհրդարանի խոսնակը կարծիք է հայտնել, որ ընտրությունների մոտենալուն զուգընթաց իրավիճակն Ադրբեջանում ավելի կսրվի: «Կարծում եմ, միջազգային դիտորդները հնարավորություն կունենան գնահատել նախընտրական իրավիճակն Ադրբեջանում եւ համեմատել այն Լեռնային Ղարաբաղում տիրող նախընտրական իրավիճակի հետ», – ասել է Աշոտ Ղուլյանը: Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման գործընթացին, Աշոտ Ղուլյանը նշել է, որ հակամարտության կողմերի միջեւ վստահության մթնոլորտի բացակայության պայմաններում, երբ Ադրբեջանը խոչընդոտում է երկու ժողովրդների ներկայացուցիչների միջեւ ցանկացած շփումները, խնդրի լուծմանը հասնելն անհնար է: Խոսնակը հայտարարել է, որ ղարաբաղյան կողմի դիրքորոշումը, որը հիմնված է անկախ պետականության օգտին ԼՂՀ ժողովրդի կամքի արտահայտման վրա, մնում է անփոփոխ:






