Նախօրեին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանն ընդունեց Ղազախստանի ԱԳ նախարարի տեղակալ, առեւտրատնտեսական հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Նուրլան Օնժանովին: Վերջինս Հայաստան է ժամանել մասնակցելու հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը, այն ավելի բարձր մակարդակի բարձրացնելու հնարավորությունները: Անդրադառնալով երկու պետությունների համագործակցությանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում` Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը կարեւորեց մեր երկրների համագործակցությունը նաեւ այլ միջազգային կառույցներում: Նուրլան Օնժանովը ներկայացրեց իր երկրի շահագրգռվածությունը զարգացնելու համագործակցությունը Հարավային Կովկասի պետությունների եւ, մասնավորապես, Հայաստանի հետ, հատկապես առեւտրատնտեսական բնագավառում: Զրուցակիցները նաեւ կարեւորեցին երկու երկրների միջեւ պաշտոնական փոխայցելությունները, ինչպես նաեւ իրավապայմանագրային դաշտի համալրումը:






