Վերջին 5 տարիների ընթացքում նկատվում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության նշանակալի աշխուժացում: Վեց ամսվա ընթացքում առեւտրաշրջանառությունն աճել է 30 տոկոսով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Այդ մասին հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի բացմանը հայտարարել է հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:«Կարեւոր եմ համարում ընդգծել, որ այս աշխուժացումը նկատվում է ոչ միայն պետական կազմակերպությունների, այլ նաեւ մասնավոր ընկերությունների միջեւ համագործակցությունում: Դա թույլ է տալիս մեզ հուսալ, որ ընտրված են հայ-ռուսական համագործակցության ճիշտ ուղենիշեր, մեր բարեկամական երկրներում գործարար միջավայրը նպաստում է փոխադարձ ներդրումների ավելացմանը, ինչը, իր հերթին, օժանդակում է մեր պետությունների ձեռներեցների միջեւ վստահության աստիճանի բարձրացմանը»,-նշել է Ս.Սարգսյանը:Նրա կարծիքով, տրանսպորտային հաղորդակցությունների լուծման խնդրում երկու պետությունների ակտիվ մասնակցությունը նույնպես նոր համատեղ նախագծերի ստեղծման պատճառ հանդիսացավ: «Դա առավել քան կարեւոր է, քանզի, ինչպես հայտնի է, Հայաստանի եւ Ռուսաստատնի միջեւ բեռնաշրջանառության հարցում միակ արգելակող գործոնը տրանսպորտային փոխադրմանն առնչվող հարցերն են, որոնց բաժինը քիչ չէ ապրանքների առաքման ինքնարժեքում»,-հայտարարել է ՀՀ ՊՆ ղեկավարը: Միաժամանակ, ակնհայտ է, ավելացրել է նա, որ հնարավոր համագործակցության ոչ ամբողջ ներուժն է գործադրված: «Եթե ավելի ճշգրիտ լինենք, ապա մենք այդ ներուժի աննշան մասն ենք օգտագործել: Սրանից ելնելով` ավելի մեծ հնարավորություններ ենք տեսնում մեր համագործակցության գիտատեխնիկական բաղադրիչի ընդլայնման, խոշոր համատեղ էներգետիկ եւ տրանսպորտային նախագծերի իրագործման, բարձր արտադրողականությամբ ժամանակակից գյուղատնտեսության ձեւավորման խնդրում»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը:«Մեզ շատ է հետաքրքրում նորարարական քաղաքականության իրականացման եւ տեխնոլոգիական համակազմի ստեղծման Ռուսաստանի արդի փորձը: Այս համատեքստում կապող օղակ կարող են հանդիսանալ Հայաստանի կողմից Ռուսաստանին փոխանցված ձեռնարկությունները, որոնք ունեն զգալի գիտատեխնիկական ներուժ»,-ավելացրել է նա :
Ինչպես հայտնի է, բիզնեսը միշտ ձգտում է այնտեղ, որտեղ իրեն առավել հարմարավետ է: «Այդ առումով կարծում եմ, որ նպատակահարմար կլիներ համաժողովում քննարկել նաեւ այն քայլերը, որոնք կօժանդակեին առավել բարենպաստ գործարար մթնոլորտի ձեւավորմանը: Մեր երկրների ղեկավարները անկասկած միտված են հասնելու նման արդյունքի: Հանրահայտ է, որ օգտակար է հաշվի նստել նաեւ տվյալ համագործակցության մեջ ներգրավված ձեռներեցների կարծիքի հետ: Հնարավոր է, որ լրացուցիչ անհրաժեշտություն կա ձեռներեցներին գործարար տեղեկատվությամբ ապահովելու, մաքսային ընթացակարգերը կատարելագործելու, կոնսիգնացիոն պահեստներ կազմակերպելու եւ այլ հարցերում»,-հայտարարել է նախարարը: Նա հատուկ նշել է, որ սկսել են ինտենսիվորեն զարգանալ նաեւ Հայաստանի ու Ռուսաստանի մարզերի միջեւ ուղիղ կապերը: Ռուսաստանի որոշ մարզերում սկսել են գործել հայկական առեւտրի պալատներ: Երեւանում արդեն կառուցվում է Մոսկվայի տունը: Նման կարգի բազմազանությունն ուրախալի է առաջին հերթին այն պատճառով, որ ուղիղ կապերի միջոցով կհաջողվի գործադրել համագործակցության ողջ ներուժը: «Բոլոր գործերում, առավել եւս միջպետական տնտեսական համագործակցության մեջ միշտ էլ հատուկ դեր են խաղացել ձեւավորված մշակութային եւ մարդկային կապերը: Այստեղ մենք ունենք մի քանի հարյուրամյակների ընթացքում կուտակված հսկայական պաշար: Սա ժամանակի փորձությունն անցած այն ամուր հիմքն է, որի վրա վստահաբար կարելի է կառուցել մեր հետագա համագործակցության նոր հարկերը»,-նշել է Ս.Սարգսյանը: Նրա խոսքերով, «ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ընթացքում մենք արդեն երկար ժամանակ է փորձում ենք լուծել Կովկաս-Փոթի երկաթուղալաստանավային փոխադրուղու կանոնավոր շահագործման խնդիրը: Կովկաս-Փոթի կանոնավոր փոխադրումների կազմակերպմանը խոչընդոտող պատճառներից մեկը ռուսական կողմը համարում է առեւտրային բեռների բացակայությունը Հայաստանի Հանրապետությունից, եզրափակել է Սերժ Սարգսյանը:






