AM
13 Հոկտեմբեր 2005 - 10:18 AMT

Ի.Լեւիտինը համոզված է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառության աճի ներուժը սպառված չէ

Ռուս-հայկական փոխշահավետ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման համար առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները: Այդ մասին տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի բացմանը հայտարարել է հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը: Լեւիտինը, մասնավորապես, նշել է. «Ընթացիկ տարվա առաջին կիսամյակը բնութագրվում է երկկողմ առեւտրի ծավալների աճի տեմպի զգալի մեծացմամբ, ինչը, ըստ նախնական տվյալների, կազմում է 16,7 տոկոս: Նման դինամիկայի պահպանումը հնարավորություն կտա Ռուսաստանի Դաշնությանը առաջին տեղը դուրս գալ Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերների շարքում: Շարունակում է բարեհաջող զարգանալ ներդրումային համագործակցությունը եւ փոխգործունեությունը բանկային համակարգում, որը նույնպես նպաստում է առեւտրի աճին: Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցությունը ԱՊՀ տարածքի բազմաթիվ գործընկերների կողմից դիտարկվում է որպես ուշադրության արժանի փորձ: Վստահ եմ, որ առեւտրաշրջանառության աճի ներուժը սպառված չէ: Ռուսաստանը օրակարգից չի հանում Հայաստան գազի մատակարարման, ինչպես նաեւ նավթամթերքի առեւտրի ընդլայնման հարցը, ինչը թույլ կտար ավելի բարձր մակարդակի հասցնել մեր երկրների միջեւ երկխոսությունը էներգետիկայի բնագավառում: Դրա համար լավ նախապայման է ստեղծում համագործակցության ձեւավորվող նորմատիվաիրավական հիմքը` ներառելով Փոթի (Վրաստան)-Կովկաս (Ռուսաստան) նավահանգիստների միջեւ երկաթուղալաստանավային հաղորդակցության կազմակերպումը: Ցավոք, մի շարք պատճառներով այս հաղորդակցությունը դեռ չի կարող դրսեւորել իր բոլոր առավելությունները ռուս-հայկական առեւտրաշրջանառության ապահովման մասով: Սակայն վստահեցնում եմ, որ ռուսական կողմը անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի, որպեսզի լաստանավային ուղին պահանջարկ ունենա մեր պետությունների միջեւ տրանսպորտային կապերի համակարգում: Ցանկանում եմ ընդգծել Հայաստանի, նրա մարզերի ու ՌԴ սուբյեկտների միջեւ տնտեսական կապերի ընդլայնման անհրաժեշտությունը»: