Խաղաղ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ պետք է շարունակվեն այնքան ժամանակ, մինչեւ որ կսպառվեն բոլոր ռեսուրսները: Այդ մասին նախօրեին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Արազ Ազիմովը: «Դեռեւս կան հակամարտության կարգավորման հնարավորություններ»,-ասել է Ա.Ազիմովը` նկատելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են հանդիպել նախ միմյանց հետ, հետո այցելել հարավկովկասյան տարածաշրջան: Տարածաշրջան այցից հետո նախատեսվում է համանախագահների հանդիպումը Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հետ Լյուբլյանայում, որտեղ դեկտեմբերի սկզբին տեղի կունենա ԵԱՀԿ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Նա նաեւ նշել է, որ Էլմար Մամեդյարովի եւ Վարդան Օսկանյանի առանձնազրույց Լյուբլյանայում չի նախատեսվում.«Այդպիսի հանդիպում կարող է կայանալ միայն առանձնահատուկ դեպքում»: Ինչ վերաբերվում է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հաջորդ հանդիպմանը, ապա ադրբեջանական ԱԳՆ ղեկավարի տեղակալը նշել է, որ «նոր հանդիպման ժամկետը դեռեւս հայտնի չէ»` ավելացնելով, որ «նման մակարդակի հանդիպումները անց են կացվում միայն անհրաժեշտության դեպքում»:
Մեկնաբանելով պաշտոնական Բաքվի դիրքորոշումը Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) զեկույցների եւ առաջարկների վերաբերյալ` Ա.Ազիմովը նշել է, որ ՄՃԽ-ի նման կազմակերպությունները ոչ պաշտոնական կառույցներ են: «ՄՃԽ առաջրկներն ու հանձնարարականները նրա ներկայացուցիչների անձնական մտավարժությունների պտուղ են: Եվ ես կարող եմ կարծիք հայտնել ուղղակի որպես փորձագետ»,-ասել է դիվանագետը` նշելով, որ տվյալ առաջարկները Ադրբեջանը պաշտոնական մակարդակով չի քննարկելու: Միեւնույն ժամանակ Ա.Ազիմովը նկատել է, որ «ՄՃԽ հրապարակած փաստաթղթում կան բազմաթիվ սխալներ եւ թերություններ, կապված տեղեկացվածության անբավարարության եւ փորձագետների ոչ պրոֆեսիոնալ մոտեցման հետ»: Ա.Ազիմովը հայտարարել է նաեւ, որ «ոչ ոք չի կարող Ադրբեջանին կարգադրել, թե ինչպիսին պետք է լինեն բյուջետային հատկացումները ռազմական ծախսերի համար»: Ավելացնելով պաշտպանական ծախսերը, պաշտոնական Բաքուն հիմնվում է իր սեփական ռեսուրսների վրա: «Ադրբեջանի կառավարությունը ջանքեր է գործադրում պետության գործունեության բոլոր ոլորտները զարգացնելու, այդ թվում նաեւ երկրի ռազմական հզորությունը ամրապնդելու համար»,-ընդգծել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը` նշելով, որ բյուջետային ծախսերի ավելացումը պետք է ընկալվի հանրապետության ընդհանուր զարգացման համատեքստում: «Բանակի կատարելագործումը պետության զարգացման անբաժան մասն է: Զինծառայողները նույնպես Ադրբեջանի քաղաքացիներ են եւ նրանց աշխատավարձերը նույնպես պետք է բարձրացվեն»,-եզրակացրել է Ա.Ազիմովը:






