««Գույք պարտքի դիմաց» համաձայնագրի շրջանակներում Հայաստանի կողմից Ռուսաստանին փոխանցված ձեռնարկությունների գործարկման հարցում եղել են որոշակի խնդիրներ, որոնք լուծվել են տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի ժամանակ եւ այլեւս տեխնիկական խոչընդոտներ չկան, կա պատվերներ ստանալու հարցը եւ այդ հարցը անպայման կլուծվի»,-հայտարարել է տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը այսօր Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ: Պատասխանելով այն հարցին, թե լուծված է արդյոք «Մարս» գործարանի արտադրական տարածքների վարձակալման հարցը «Եվրոտեկ» ընկերության կողմից, Ս.Սարգսյանը հայտարարել է, որ «Եվրոտեկ» ընկերության հետ կապված հարցը տեխնիկական բնույթի հարցերի թվին էր պատկանում, եւ մինչ «Մարս» ձեռնարկությունը ռուսական կողմին փոխանցելը, պետությունը երկարաժամկետ համաձայնագիր էր կնքել «Եվրոտեկ» ընկերության հետ, սակայն այսօր այդ ընկերության գոյությունը չի խանգարում «Մարսի» արտադրական գործունեությանը: Նրա խոսքերով, երբ գործարանը կաշխատի լիարժեք ծանրաբեռնվածությամբ եւ տարածքների վարձակալումը «Եվրոտեկ» ընկերության կողմից խոչընդոտ կհանդիսանա, այդ ժամանակ էլ այլ որոշում կկայացվի: Նա նաեւ հաղորդել է, որ զուգահեռ բանակցություններ են ընթանում «Եվրոտեկ» ընկերության սեփականատերերի հետ` համաձայնության հասնելու եւ այդ հարցը այլ հարթության վրա տեղափոխելու համար: Ս.Սարգսյանը նշել է, որ այսօր «Մարս» գործարանի արտադրական տարածքների վարձակալումը «Եվրոտեկ» ընկերության կողմից խոչընդոտ չի հանդիսանում ձեռնարկության գործունեության համար, եւ դա գրանցել է նաեւ ռուսական կողմը: Մեկնաբանելով երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը` Ս.Սարգսյանը հաղորդել է, որ Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին Հայաստան կատարած իր այցի ժամանակ պատրաստակամություն է հայտնել համատեղ վերականգնողական աշխատանքներ սկսել առանց որեւէ նախապայմանների: «Հայաստանը անպայման կմասնակցի այդ աշխատանքներին, նախագծի ֆինանսավորմանը, որպեսզի հետագայում մասնակցի նրա կառավարմանը: Սակայն հայկական կողմի ֆինանսական չափաբաժինը կլինի շատ ավելի քիչ, քան ռուսական եւ վրացական կողմերինը, քանի որ երկաթուղու մեր մասը ամենակարճն է»,-հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:






