Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական հանրապետությունների մայրաքաղաքների միջև կապերի հետագա խորացմանը վերաբերող մի շարք հարցեր: Բակո Սահակյանը կարևորել է Երևան քաղաքի հետ բազմակողմանի համագործակցությունը՝ այն համարելով օգտակար թե Ստեփանակերտի, թե ամբողջ Արցախի համար, հավելելով, որ կապերի հետագա ընդլայնման ու խորացման համար կան բոլոր անհրաժեշտ հիմքերը:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Երևանի քաղաքապետին` Շուշիի կոմունալ ծառայության տեխնիկական հագեցման և քաղաքի բարեկարգման գործընթացին աջակցելու համար: Երկրի ղեկավարն ընդգծել է Երևանի քաղաքապետարանի կողմից Ստեփանակերտի կենտրոնում Ազատամարտիկների այգու հիմնադրման նախաձեռնության կարևոր նշանակությունը՝ թե քաղաքական, թե բարոյահոգեբանական տեսանկյունից:
Հանդիպմանը ներկա են եղել փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, «Արցախի ազատամարտիկների միության» նախագահ Սամվել Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք:






