Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի տնօրենների խորհրդի անդամներին` տնօրեններ Թերենս Բռաունին, Մայքլ Նեումայերին, Գոնզալո Ռամոսին, Ժոզե Վեյգա դե Մասեդոյին, Սքոթ Քլարկին, Իգոր Պոդոլեւին, Պիեռ Ստանչինային եւ տարածաշրջանային տնօրեն Մայքլ Դեյվիին ու բանկի Երեւանյան գրասենյակի տնօրեն Մայքլ Վինսթինին, որոնք առաջին անգամ են այսպիսի ներկայանալի պատվիրակությամբ այցելում Հայաստան, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ասուլիսը: Այցի նպատակն է Հայաստանի մասին հնարավորինս տեղեկություններ ստանալը, տեղում ՎԶԵԲ-ի ծրագրերի ընթացքին ծանոթանալը եւ հետագա համագործակցության ուղղությունների շուրջ շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ ունենալը: Այդ նպատակով բանկի տնօրենների խորհրդի անդամներն արդեն մի շարք հանդիպումներ են ունեցել` բանկային համակարգի, գործարար շրջանակների, դիվանագիտական ոլորտի, հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչների հետ: ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը նրանք նախ շնորհավորել են կառավարության հետեւողական ջանքերի շնորհիվ վերջին տարիներին արձանագրվող տպավորիչ տնտեսական ցուցանիշների կապակցությամբ եւ ընդգծել, որ ՎԶԵԲ-ը մտադիր է Հայաստանում մեծացնել իր ծրագրերի քանակն ու ընդլայնել եւ զարգացնել փոխգործակցությունը:
Նշելով, որ ցանկացած երկրի համար շատ կարեւոր է ներդրումային բարենպաստ միջավայրի ապահովումը, պատվիրակության անդամները վարչապետի հետ քննարկել են Հայաստանում այդ ուղղությամբ մինչ այժմ ձեռնարկված քայլերն ու հետագա անելիքները:Անդրանիկ Մարգարյանը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի գործունեությունը մեր երկրում, ընդգծելով, որ հատկապես վերջին տարիներին այն որակական նոր մակարդակի է բարձրացել: Մասնավոր հատվածում գործարարների հետ աշխատանքը, բանկային, էներգետիկ, ապահովագրական համակարգերում եւ մի շարք այլ բնագավառներում ՎԶԵԲ-ի կողմից իրագործված եւ ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, ըստ ՀՀ կառավարության ղեկավարի, իրենց ուղղակի ազդեցությունն են ունեցել տնտեսության զարգացման վրա: Նա կարեւորել է այս ուղղություններով համագործակցությունը այսուհետ եւս զարգացնելը` առաջարկելով հետագա ծրագրերում մասնավոր հատվածի զարգացման նպատակով դիտարկել նաեւ երկարաժամկետ եւ ցածր տոկոսադրույքներով վարկավորման հնարավորությունները: Այնուհետ վարչապետը պատասխանել է Բանկի տնօրենների խորհրդի անդամներին հետաքրքրող հարցերին` ներկայացնելով մասնավորեցման գործընթացի, արտահանման խթանմանն ուղղված քայլերի, ԱՀՌԾ եւ Հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրերի իրագործման ուղղությամբ, հարկային եւ մաքսային ոլորտներում բարեփոխումների, տնտեսության զարգացմանն ուղղված օրենսդրական դաշտի բարելավման ուղղությամբ կառավարության իրականացրած աշխատանքներն ու հետագա ծրագրերը:






